13:05  ,  2 սեպտեմբերի, 2014

Հրաչյա Ռոստոմյան. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հրաձիգ Հրաչյա Բաբայանը շատ մոտ են Ռիո-2016-ի ուղեգրին

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հրաձիգ Հրաչյա Բաբայանը շատ մոտ են Ռիո-2016-ի ուղեգրին: Մյուս մարզիկներից եւ ազգային հավաքականների անդամներից որեւէ մեկը դեռեւս տեղ չունեն Ռիո-2016-ում: Պատանեկան Օլիմպիական խաղերում մեր ցուցադրած արդյունքը քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Այս արդյունքը մեզ հույս է ներշնչում, որ ունենք լավ հերթափոխ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս հրաշալի արդյունքի մասին՝ 7 մեդալ Օլիմպիական խաղերից: Ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ Խաղերի ընթացքում մեծ աշխատանքն  ենք կատարել այս գերազանց արդյունքի համար: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերից մինչեւ Նանջինգ ահռելի աշխատանք է կատարվել, սկսած մարզիկների ուսումնամարզական հավաքներից մինչեւ նյութատեխնիկական բազան: Ունենք 7 մեդալակիր. այս արդյունքը մեզ հույս է ներշնչում, որ ունենք լավ հերթափոխ: 2018թ. Բունեոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերը մեզ համար կլինի էլ ավելի լավ արդյունքով, վստահ եմ: Աշխատանքները, որոնք  նախանշվել է ազգային ֆեդերացիաների հետ, կատարվել են առանց թերացումների:

14 ուղեգիր ունեինք: Բացառությամբ լողորդից, բոլորից մեդալ ակնկալում էի: Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանն ուներ վնասվածք: Բժիշկն աշխատեց այդ ուղղությամբ, բայց երկրորդ վարժությունից հետո ցավը գլուխ բարձրացրեց: Տարբերակ կար ռիսկի գնալ եւ քամել Վիգենից ամենը: Նա մեդալ էր բերելու միանշանակ՝ երկու ձեւում: Մենք կապ հաստատեցինք  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա հայտարարեց, որ երեխայի առջողջությունը մեդալից ավելի կարեւոր է, եւ որոշվեց, որ նա չի մասնակցի երկու մրցաձեւում: Վիգենի մոտ ճողվածք էր եւ կոմպրեսիվ կոտրվածք:

Լողորդ Վահան Մխիթարյանից սպասելիք չունեինք: Սովետական Միության փլուզումից հետո մի շարք լողավազաններ սեփականաշնորհվեցին: Հայաստանում կա երկու 50 մետրանոց լողավազան՝ Ծաղկաձորինը եւ «Գոլդ Ջիմինը»: Վահանի մասին կասեմ, որ ՀԱՕԿ-ն ահռելի աշխատանք է կատարել նրան դրսում մարզելու համար:  ՀԱՕԿ նախագահը լողավազան է կառուցում Դավթաշենում: Այդտեղ լինելու է սկզբում ջրացատկի մարզումների համար, ապա նաեւ կլինի 50 մետրանոց:

Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը հրաշալի մեկնարկեց, բայց ընթացքում կորցրեց հնարավորությունը: Նրան մեղադրելու չէ, քանի որ մարզվելու պայմաններն են սուղ: Լեւի առաջին ցատկը 82 միավոր էր: Բայց նա ունի մեծ հեռանկար՝ գուցե մենք ունենանք երկրորդ Դավիթ Համբարձումյան:

Մենք հաղթանակների բերկրանքը ապրեցինք: Ծանրորդ Հակոբ Մկրտչյանի հաղթանակը, ուղղակի հույզերի տարափ էր, որը չեմ կարող փոխանցել: Հակոբի առաջին ոսկին բոլորովին այլ զգացմունք էր: ՀԱՕԿ աշխատակից տիկին Անժիկը,  լաց էր լինում. Ասում է՝ 18 տարի սպասել ենք այս հաղթանակին: Հրաձիգ Հրաչյա Հակոբյանը, երբ եզրափակիչում էր, բոլորիս ուրախության չափ չկար: Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը կրկնապատկեց մեր ուրախությունը: Դա մեծ պատիվ էր, նա ցույց տվեց, որ Հայաստանը բարձր է բոլորից: Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանի բրոնզը բոլորիս հոգու ցանկությունն էր, նրա աչքը այտուցված էր: Նարեկն իր բրոնզի համար մենամարտը վերջացնում է, աչքը այտուցված, չի գնում տուն հանգստանալու, այլ գալիս ըմբիշ Զավեն Միքայելյանի  եզրափակիչը դիտելու: Այս թիմն իսկական օլիմպիական թիմ էր: Բոլորը մեկի համար էր, մեկը բոլորի համար: Այս հաղթանակն ապացուցեց, որ յուրաքանչյուր հայ երեխա կարող էր լինել նրանցից մեկը:

Մենք ծրագիր ունենք, դիմելու ենք ԿԳ նախարար, որ այդ երեխաները գնան դպրոցներ եւ քարոզեն սպորտը: Մեր ազգը տաղանդավոր է, ուղղակի պետք է հնարավորություն ստեղծենք: Այս մրցումների արդյունքը մեր մարզիկների մեջ սերմանեց այն համոզմունքը, որ հաջողության կարելի է հասնել երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:

Բոլորը՝ սկսած ՄՕԿ-ի անդամներից մոտենում էին մեզ, շնորհավորում, որ 14 մարզիկով 7 մեդալով վերադառնում ենք Հայաստան: Այս արդյունքները ՀԱՕԿ-ի աշխատանքի արտացոլումն է:

Պարոն Ծառուկյանի ոգեւորությունն այնքան մեծ է, որ բոլոր կառույցները կառուցելուց հետո նոր կառույցներ պետք է ստեղծենք: Լինելով փոքր պետություն՝ մենք մեր ռեսուրսները չենք կարողանում ռացիոնալ օգտագործել:

Նանջինգը մեզ համար առանձնահատուկ է ու այդպես կմնա մեր սրտերում: Սա նշանակում է՝ ունենք հուսադրող ապագա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Պատանեկան Օլիմպիական թիմից, թե ովքեր կհավակնեն Ռիո-2016-ի մեծահասակների խաղերին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ասաց.

«Հնարավորություններ բոլորի համար տրվելու է մեծահասակների Օլիմպիական խաղերի համար: Մեր սպորտում ամեն ինչ հստակ է, ով պատրաստ է, ով կարող է, նա էլ գնալու: Այս պահի դրությամբ Ռիոյում դեռեւս որեւէ մեկը տեղ չունի, պետք է բոլորը ապացուցեն: Ռիո գնալուն մոտ է Սիմոն Մարտիրոսյանը, հրաձիգ Հրաչյա Բաբայանը:

Այն հոգեբանությունը, թե մեդալ լինի, պայման կստեղծենք, փոխվել է: Այժմ ՀԱՕԿ-ն առաջնորդվում է այլ հոգեբանությամբ՝ պայման ստեղծել, որ մեդալներ լինեն»: 

Հիշեցնենք, որ Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկՆարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վիգեն Խաչատրյանը վնասվածքի պատճառով չհաղթահարեց սպորտային մարմնամարզություն բազմամարտի որակավորման փուլի արգելքը, 66 կգ քաշային ձյուդոիստ Հարություն Դերմիշյանըգրավեց 7-րդ տեղը, հրաձիգ Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում 5-րդն էր, 16-ամյաՍոնա Պողոսյանը 6-րդն էր ծանրամարտի աղջիկների 63 կգ քաշային կարգի մրցումներում, բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը պարտվեց 48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում, ջրացատկորդ Լեւ Սարգսյանը 7-րդ տեղը զբաղեցրեց 10 մետր աշտարակացատկի մրցումներում, իսկ լողի մրցաշարում լողորդ Վահան Մխիթարյանը հաջողության չհասավ ազատ ոճի 50 եւ 100 մետրում ու բաթերֆլայի 50 մետրում: Խաղերը Հայաստանն ավարտեց 7 մեդալով` թիմային հաշվարկում Սլովենիայի հետ բաժանելով 29-30-րդ տեղերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով