17:53  ,  1 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Հաղթեցինք ռոտացիայի շնորհիվ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակը:

«Կրասնոդարին» հաղթեցինք առաջին հերթին ռոտացիայի շնորհիվ: Խաղադաշտ դուրս եկան մի քանի թարմ ֆուտբոլիստներ, ովքեր շատ օգնեցին մեզ: Երկու թիմերն էլ նույն պայմաններում էին, քանի որ խաղում էին Եվրոպայի լիգայից հետո: Մեր պահեստայինների նստարանը մի փոքր երկար էր եւ, իհարկե, Վալբուենայի ու Նոբոայի վարպետությունը վճռեցին խաղի ելքը:

Լուրջ էինք պատրաստվել «Կրասնոդարի» դեմ խաղին, դիտել էինք նրանց հանդիպումները: Երեւաց, որ նրանց մոտ թարմության պակաս կար»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Կրասնոդարում դինամոյականների դարպասը պաշտպանում էր Բերեզովսկին, ով խաղաց առանց փոխարինման: 6-րդ տուրից հետո «Դինամոն» 15 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է զիջում առաջատար «Զենիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում