13:49  ,  1 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Լավ սովորող մարդկանց առջեւ կյանքը բացում է բազմաթիվ դռներ (ֆոտոշարք)

Դպրոց ոտք դնելուն պես` իմ կյանքում սկսվեց մի լուսավոր շրջան. ես հասկացա գիտելիքի կարեւորությունը մարդու կյանքում, գիտակցեցի, որ առանց գիտելիքի  մարդը կորած է եւ որ լավ սովորող մարդկանց առջեւ կյանքը բացում է բազմաթիվ դռներ, ստեղծում հաղթելու հնարավորություններ: Առաջին ուսուցիչներիս առ այսօր անսահման սիրում եմ, ու վստահ եմ, որ այդ սերը երբեք չի պակասի: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:  

«Ես ընդունվել եւ ավարտել եմ Երեւանի Ներքին Չարբախի թիվ 99 միջնակարգ դպրոցը: 1987 թվականի սեպտեմբերի 1-ին, առաջին անգամ ոտք դրեցի իմ սիրելի կրթօջախ: Իմ առաջին ուսուցչուհին եղել է տիկին Առաքելյանը: 3-րդ դասարանից հետո մեր դասարանի դասղեկն էր տիկին Իսկանդարյանը: Նրանց եւ իմ բոլոր ուսուցիչներին անսահման սիրում եւ հարգում եմ ու վստահ եմ, որ այդ սերը երբեք չի պակասի:

Արթուր Աբրահամը երկրորդ շարքում, ձախից երրորդն է

Դպրոց ոտք դնելուն պես` իմ կյանքում սկսվեց մի լուսավոր շրջան. ես հասկացա գիտելիքի կարեւորությունը մարդու կյանքում, գիտակցեցի, որ առանց գիտելիքի  մարդը կորած է եւ որ լավ սովորող մարդկանց առջեւ կյանքը բացում է բազմաթիվ դռներ, ստեղծում հաղթելու հնարավորություններ:

Ամեն տարի ամառային արձակուրդներին մեծ սպասումներ էի ունենում` կապված սեպտեմբերի 1-ի հետ: Ուզում էի շուտ գար այս օրը, քանի որ կարոտում էի դասընկերներիս, ուսուցիչներիս, նաեւ` դասերը:

Արթուր Աբրահամն առաջին շարքում ձախից չորրորդն է

Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ` նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:  Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ, աշակերտներին` հաջողություններ նախեւառաջ ուսման մեջ, քանի որ հետագա  բոլոր հաջողությունները ուղղակի-անուղղակի կապ են ունենալու գիտելիքի հետ:

Արթուր Աբրահամը երկրորդ շարքում ձախից առաջինն է

Եղեք աշխատասեր. նկատած կլինեք, որ ինչքան շատ ենք աշխատում, այդքան ավելի հաջողակ ենք դառնում: Հենց այսօրվանից լավ սովորեք եւ սկսեք կերտել ձեր վաղվա հաջողությունները, հավատացե'ք, ոչ մի հաղթող չի հավատում պատահականությանը: Թող որ կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու պահանջն ուղեկցի ձեզ միշտ եւ ամենուր»: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով