Դպրոց ոտք դնելուն պես` իմ կյանքում սկսվեց մի լուսավոր շրջան. ես հասկացա գիտելիքի կարեւորությունը մարդու կյանքում, գիտակցեցի, որ առանց գիտելիքի մարդը կորած է եւ որ լավ սովորող մարդկանց առջեւ կյանքը բացում է բազմաթիվ դռներ, ստեղծում հաղթելու հնարավորություններ: Առաջին ուսուցիչներիս առ այսօր անսահման սիրում եմ, ու վստահ եմ, որ այդ սերը երբեք չի պակասի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Ես ընդունվել եւ ավարտել եմ Երեւանի Ներքին Չարբախի թիվ 99 միջնակարգ դպրոցը: 1987 թվականի սեպտեմբերի 1-ին, առաջին անգամ ոտք դրեցի իմ սիրելի կրթօջախ: Իմ առաջին ուսուցչուհին եղել է տիկին Առաքելյանը: 3-րդ դասարանից հետո մեր դասարանի դասղեկն էր տիկին Իսկանդարյանը: Նրանց եւ իմ բոլոր ուսուցիչներին անսահման սիրում եւ հարգում եմ ու վստահ եմ, որ այդ սերը երբեք չի պակասի:
Արթուր Աբրահամը երկրորդ շարքում, ձախից երրորդն է
Դպրոց ոտք դնելուն պես` իմ կյանքում սկսվեց մի լուսավոր շրջան. ես հասկացա գիտելիքի կարեւորությունը մարդու կյանքում, գիտակցեցի, որ առանց գիտելիքի մարդը կորած է եւ որ լավ սովորող մարդկանց առջեւ կյանքը բացում է բազմաթիվ դռներ, ստեղծում հաղթելու հնարավորություններ:
Ամեն տարի ամառային արձակուրդներին մեծ սպասումներ էի ունենում` կապված սեպտեմբերի 1-ի հետ: Ուզում էի շուտ գար այս օրը, քանի որ կարոտում էի դասընկերներիս, ուսուցիչներիս, նաեւ` դասերը:
Արթուր Աբրահամն առաջին շարքում ձախից չորրորդն է
Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ` նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ, աշակերտներին` հաջողություններ նախեւառաջ ուսման մեջ, քանի որ հետագա բոլոր հաջողությունները ուղղակի-անուղղակի կապ են ունենալու գիտելիքի հետ:
Արթուր Աբրահամը երկրորդ շարքում ձախից առաջինն է
Եղեք աշխատասեր. նկատած կլինեք, որ ինչքան շատ ենք աշխատում, այդքան ավելի հաջողակ ենք դառնում: Հենց այսօրվանից լավ սովորեք եւ սկսեք կերտել ձեր վաղվա հաջողությունները, հավատացե'ք, ոչ մի հաղթող չի հավատում պատահականությանը: Թող որ կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու պահանջն ուղեկցի ձեզ միշտ եւ ամենուր»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում