13:11  ,  1 սեպտեմբերի, 2014

Մարզադպրոցները մասնագետի պակաս չունեն, բայց գույքի խնդիր կա. Սպորտի նախարար

Այս տարի մարզադպրոցներ է հաճախելու ավելի քան 3 հազար երեխա, սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որը այցելել էր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

«Նախ շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ, ամենակարեւորը ցանկանում եմ, որ խաղաղ երկնքի տակ մեծանան: Մեր երեխաները մեր ապագան են, մեր հայ ազգի պետականության համար շատ կարեւոր է, որ երեխաները լավ գիտելիք ստանան: Տարեցտարի տեսնում ենք, որ երեխաները գաղափարապես փոխվում են, ավելի լավն են դառնում: Ինչ վերաբերվում է մարզադպրոցներ հաճախող երեխաներին, ապա այս տարի ունենք 3 հազար աշակերտ»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ մարզադպրոցները կադրային ոչ մի խնդիր չունեն, ապահովված են բարձրակարգ մասնագետներով, սակայն կա մարզագույքի խնդիր, որն էլ ընթացքում կլուծվի:

Մարզական քոլեջն ամենամեծն է հանրապետությունում: Քոլեջի տնօրեն, ՀԱՕԿ փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի խոսքով՝ այստեղ ընդունվող ցանկացողները շատ են, այդ պատճառով մեծ մրցակցություն կա, ոչ բոլորին է հաջողվում ընդունվել օլիմպիական քոլեջ:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանի հետ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ էին այցելել նաեւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանն ու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վաղինակ Գալստյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում