12:25  ,  1 սեպտեմբերի, 2014

Բեկենբաուերն ու Շուստերը գոհ են Խաբի Ալոնսոյի տրանսֆերից

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը եւ Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գոհ են, որ Գերմանիայի չեմպիոնը «Ռեալից» գնել է իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, փոխանցում է Goal.com-ը:

«Սա հրաշալի ձեռքբերում է: Գվարդիոլան շատ ճիշտ որոշում է գտել: Գվարդիոլան ժամանակին խաղում էր Ալոնսոյի դիրքում: Ալոնսոն հիմա նրա նման է խաղում: Երկուսն էլ ստրատեգներ են՝ շեշտը դնելով ճշգրիտ եւ հուսալի փոխանցումների վրա»,- ասել է Շուստերը:

Ֆրանց Բեկենբաուերը եւս չի կասկածում, որ Ալոնսոն կարճաժամկետ ծրագրերում օգտակար կլինի «Բավարիային»:

«Ես ողջունում եմ ակումբի ղեկավարության եւ մարզչական շտաբի որոշումը: Իհարկե, 32-ամյա Ալոնսոն հեռանկարային նպատակների համար չէ, սակայն այս պահին նա օգտակար կլինի: Նա պաշտպանական բնույթի խաղի առաջատար է»,- ասել է Բեկենբաուերը:

Խաբի Ալոնսոն Արքայական ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից։ «Ռեալում» նա մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Իսպանացու համար «Բավարիան» վճարել է 10 միլիոն եվրո։ Ալոնսոն կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով