12:13  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայ չեմպիոններն ամփոփեցին պատանեկան Օլիմպիական խաղերը

Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն մեզ աջակցողներին, մեր ազգին, ֆեդերացիային, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին, երկրպագում էին մեզ: Սա միայն մեր վաստակը չէ, սա թիմային լուրջ աշխատանքի արդյունք է:

Այդ մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, ով գլխավորում էր ծանրամարտի հավաքականը 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում:

«Մենք երկար աշխատանք են կատարել մինչեւ Օլիմպիական խաղեր մեկնելը: Ուղեգրեր մենք թիմային հաշվարկով ենք ձեռք բերել եւ մինչեւ վերջին հավաքը ընտրություն էինք կատարում ծանրորդների միջեւ: Ի վերջո ընտրվեցինք նրանց, ովքեր առավելություններ ունեին:

Տղաները շատ լավ էին պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես, թե՛ հոգեբանորեն: Մենք լավ ուսումնասիրել էինք մեր մրցակիցներին եւ նախօրոք գիտեինք մեր քայլերը:

Ցանկանում եմ առանձնացնել նաեւ Հայաստանի պատվիրակության միասնությունն ու համերաշխությունը: Բոլորը խոսում էին այդ մասին»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը նշեց, որ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից հետո նրա կյանքում ոչինիչ չի փոխվել:

«Իսկապես մեծ  հպարտություն եւ ուրախություն է դառնալ օլիմպիական չեմպիոն, սակայն այս ոսկե մեդալից հետո իմ մեջ ոչինչ չի փոխվել: Իմ նպատակը, ինչպես նաեւ ցանկացած մարզիկի նպատակը մեծահասակների օլիմպիական չեմպիոն դառնալն է:

Շնորհակալություն բոլորին աջակցության, ջերմ ընդունելության եւ շնորհավորանքների համար»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Օլիմպիական մյուս չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ասաց, որ իր կյանքում ծանրամարտը մեծ տեղ է զբաղեցնում եւ դրանից դուրս գրեթե ոչինիչ չի հասցնում անել:

«Շատ տպավորված եմ: Ամեն ինչ հրաշալի է ընթացել: Մենք շատ ուրախ եկանք Հայաստան եւ արժանացանք հրաշալի ընդունելության:

Ծանրամարտը մեծ տեղ է զբաղեցնում իմ կյանքում, դրանից դուրս՝ գրեթե ոչինիչ չեմ հասցնում անել: Իմ նպատակն էլ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերն են եւ, իհարկե, չեմպիոն դառնալը»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:


Հիշեցնենք, որ Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը Սլովենիայի հետ կիսեց 29-րդ տեղը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս