02:16  ,  29 օգոստոսի, 2014

Հակոբ Մկրտչյան. Հաջորդ քայլս լինելու է Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելը

Հաջորդ նվաճումս լինելու են Ռիո-2016-ի Խաղերը, ձգտելու եմ այնտեղից եւս մեդալով վերադառնալ Հայաստան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 77 կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյանը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ Հայաստանի համար նվաճել այս ոսկե մեդալը, օլիմպիական չեմպիոն դառնալ: Անբացատրելի ուրախություն եմ զգում, հուզմունք: Երբ հանձնեցին ոսկե մեդալը, այդ պահին ես ինձ Հայաստանի հերոս էի զգում:

Մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց հայտնվել առաջատարի դերում:  Մրցակիցներս շատ ուժեղ էին: Բայց եթե այդ մրցակիցներս չլինեին, եւ ես չպայքարեի, ես չէի հաղթի, չէի լինի օլիմպիական չեմպիոն: Չեի սպասում այս հաղթանակին: Այդ անինքնավստահությունս գալիս էր Եվրոպայի առաջնությունից, որտեղ լավ մասնակցություն չունեցա, այդ պատճառով կարծես՝ չէի հավատում, որ կկարողանամ գերազանցել բոլորին:

Հաղթանակս նվիրում եմ հարազատներիս, ընկերներիս, մարզիչներիս: Հաջորդ քայլս լինելու է  Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելը, մասնակցելը եւ մեդալով վերադառնալը»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով