21:03  ,  28 օգոստոսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2013-2014 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Արարողությունը տեղի ունեցավ Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո:

Եզրափակիչ տասնյակից պայքարի մեջ մնացել էին նաեւ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի հավաքականի եւ «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը:

Հուլիսին կայացած քվեարկությամբ, ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների լրագրողներն ընտրել էին 2013-2014 թվականների լավագույն տասնյակը: Հիշեցնենք, որ տասնյակում էին նաեւ Թոմաս Մյուլերը (Գերմանիա, «Բավարիա», 39 միավոր), Ֆիլիպ Լամը (Գերմանիա, «Բավարիա», 24), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոնա», 24), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա, «Մոնակո» - «Ռեալ», 16), Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Լիվերպուլ» - «Բարսելոնա», 13), Անխել Դի Մարիան (Արգենտինա, «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ, 12) եւ Դիեգո Կոստան (Իսպանիա, «Աթլետիկո» - «Չելսի», 8):


Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց գերմանացի Նադին Կեսլերը: Եզրափակիչ եռյակում էին նաեւ գերմանացիներ Նիլա Ֆիշերը եւ Մարտինա Մյուլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում