14:50  ,  27 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Ամփոփում

Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը Հայաստանն ավարտեց 7 մեդալով` թիմային հաշվարկում Սլովենիայի հետ բաժանելով 29-30-րդ տեղերը:

Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վիգեն Խաչատրյանը վնասվածքի պատճառով չհաղթահարեց սպորտային մարմնամարզություն բազմամարտի որակավորման փուլի արգելքը, 66 կգ քաշային ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը գրավեց 7-րդ տեղը, հրաձիգ Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում 5-րդն էր, 16-ամյա Սոնա Պողոսյանը 6-րդն էր ծանրամարտի աղջիկների 63 կգ քաշային կարգի մրցումներում, բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը պարտվեց 48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում, ջրացատկորդ Լեւ Սարգսյանը 7-րդ տեղը զբաղեցրեց 10 մետր աշտարակացատկի մրցումներում, իսկ լողի մրցաշարում լողորդ Վահան Մխիթարյանը հաջողության չհասավ ազատ ոճի 50 եւ 100 մետրում ու բաթերֆլայի 50 մետրում:

Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվեցին երկրորդ անգամ:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս