13:14  ,  27 օգոստոսի, 2014

Մարկոս Պիզելի. Գրազ եմ եկել, որ գրավելու եմ «Լեգիայի» դարպասը

Ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է լեհական «Լեգիայի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի դիմակայության եւ Ղազախստանում մնալու հավանականության մասին:

«Ղազախստանի առաջնությունը վատը չէ: Շատ լավ ֆուտբոլիստներ են ժամանում այստեղ: Մենք առաջին տեղում ենք, սակայն դա բարդ է: Բոլորը պայքարում են եւ ցանկանում են հաղթել «Ակտոբեին»: Կան մի քանի լավ թիմեր, որոնք հավակնում են չեմպիոնությանը:

«Լեգիայի» դեմ խաղում պետք է լինենք կենտրոնացված: Այդ մակարդակի խաղերում ցանկացած սխալ կարող է դառնալ բաց թողած գոլի պատճառ: Թե՛ մենք, թե՛ նրանք ունեն լավ թիմ: Պետք է օգտագործենք մեր պահերը: «Լեգիայի» դեմ առաջին խաղից առաջ Անդրեյ Միրոշնիչենկոյի հետ 200 դոլարի գրազ էի եկել, որ կդառնամ գոլի հեղինակ: Նա գրազը երկարաձգեց նաեւ պատասխան խաղի համար: Ամեն դեպքում, կփորձեմ գոլ խփել:

Իհարկե, միշտ ցանկանում ես գոլեր խփել: Այժմ ես լավ մարզավիճակում եմ, կանոնավոր դուրս եմ գալիս խաղադաշտ, սակայն քիչ եմ աչքի ընկնում: Չեմ կարող ասել, թե ինչքան եմ մնալու Ղազախստանում: Ես գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ: Եկել է նոր ամբիցիաներով նոր մարզիչ, ով ցանկանում է հաջորդ տարվա համար կառուցել նոր թիմ: Եթե ինձ առաջարկեն մնալ ու լավ պայմանագիր, ապա չեմ հեռանա:

Նորածին աղջկաս տեսել եմ, երբ նա նոր էր ծնվել: Մի քանի օր եղա Բրազիլիայում, իսկ դրանից հետո ոչ մի կերպ չի հաջողվում վերադառնալ հայրենիք: Հիմա դադար կլինի առաջնությունում, սակայն պետք է միանամ Հայաստանի հավաքականին»,- Մարկոսի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ տանը «Ատոբեն» նվազագույն հաշվով պարտվել է «Լեգիային»: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 28-ին Լեհաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով