11:55  ,  27 օգոստոսի, 2014

Ռոման Բերեզովսկի. Չերչեսովը պահանջում է խաղալ Նոյերի պես

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է ռուս Վլադիմիր Գաբուլովի, գերմանացի Մանուել Նոյերի եւ ռուսական ֆուտբոլի բացասական կողմերի մասին:

«Մարզվելով Գինտարաս Ստուաչեի հետ՝ առաջին անգամ եմ հանդիպում այսպիսի հետաքրքիր ու բազմատիպ մարզումների: Բոլոր առաջադրանքները նման են խաղային դրվագների:

Ինչ վերաբերում է Գաբուլովին, ապա պետք է հիշել, որ սխալվում են բոլորը: Ի՞նչ է, Ակինֆեեւն աշխարհի առաջնությունից հետո պետք է այլեւս չխաղա՞ր: Պետք է աջակցել մարդուն: Գաբուլովը երբեք թույլ չի տվել կոպիտ սխալներ:

Այժմ Ռուսաստանում շատ են բացասական բաները: Այնքան էլ հաճելի չէ, երբ ստադինում լսում ես ոչ կոռեկտ վանկարկումներ: Ռուսերենը հարուստ լեզու է եւ կարելի է հորինել մի շարք դրական երգեր: Ամեն դեպքում, ստադինում լինում են նաեւ երեխաներ, ովքեր լսում են դրանք: Պետք է հարգել բոլորին՝ անկախ մաշկի գույնից: Հայրենասիրությունը ճիշտ բան է, սակայն ցավալի է, երբ այն հասնում է ազգայնամոլության:

Չերչեսովը երբեմն ինձանից պահանջում է խաղալ Նոյերի պես, ինչպես լիբերո: Սակայն այդպիսի խաղը միշտ վտանգավոր է: Եթե դուրս ես գալիս դեպի գնդակը, ապա պետք է վստահ լինես՝ չկասկածելով ոչ մի վայրկյան: Գուցե Նոյերը գիտակցում է, որ եթե սխալվի եւ թիմը գոլ բաց թողնի, ապա ակումբակիցները շատ արագ կխփեն մի քանի գնդակ: Նման կերպ փորձեցի խաղալ «Սպարտակի» դեմ, սակայն մի քիչ սխալ հաշվարկեցի: Խաղադաշտը հարթ չէր, բայց հասկանալի է, որ դա իմ սխալն էր»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության առաջին տուրից հետո Ռոման Բերեզովսկին դարձել էր «Դինամոյի» հիմնական դարպասապահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով