23:44  ,  26 օգոստոսի, 2014

Էլինա Դանիելյանի պարտությունը, Մհեր Հովհաննիսյանի ու Ռուսլան Կուրայանի հաջողությունները

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով պարտվել է ուկրաինացի Աննա Ուշենինային: Առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Տատյանա Կոսինցեւայի հետ:

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ 166 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: Հովհաննիսյանի հետ հավասար արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով: 7 միավորով երրորդ տեղում է հայտնվել բելառուս գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը:

Միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը (Ուկրաինա) Գերմանիայում կայացած բաց մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր եւ 228 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել գերմանացի գրոսմայստեր Ռենե Շտերնը, փոխանցում է Armchess.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում