00:45  ,  27 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Հայաստանը 25-րդն է ընդհանուր հաշվարկում

Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի վերջին օրվանից առաջ Հայաստանը 5 մեդալով Քենիայի հետ ընդհանուր հաշվարկում բաժանում է 25-26-րդ տեղերը:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը 62 մեդալ նվաճած չինացիներն են: Ռուսները 52 մեդալով երկրոդն են, իսկ եռյակը եզրափակում են ամերիկացիները:

Հիշեցնենք, որ Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճել են 2-ական ոսկե եւ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների էին արժանացել ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի 58 կգ քաշային ըմբիշ Զավեն Միքայելյանը դարձել էին օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Օգոստոսի 27-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ):

Նանջինգ-2014, ընդհանուր հաշվարկ

1. Չինաստան – 62 մեդալ (38 ոսկե, 11 արծաթե, 13 բրոնզե)

2. Ռուսաստան – 52 (23-18-11)

3. ԱՄՆ – 17 (9-2-6)

4. Ուկրաինա – 22 (6-8-8)

5. Իտալիա – 20 (6-8-6)

6. Ճապոնիա – 19 (6-8-5)

25. Հայաստան – 5 (2-2-1)

25. Քենիա – 5 (2-2-1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում