16:11  ,  23 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Անուշ Գրիգորյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին: Օգոստոսի 23-ին օլիմպիական ռինգ դուրս եկավ հայկական բռնցքամարտի միակ աղջիկ մասնակիցը` երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգրոյանը` 51 կգ քաշային կարգում: Նա առաջին մենամարտում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովային։ Օգոստոսի 24-ին կայանալիք կիսաեզրափակիչում Անուշ Գրիգորյանը կհանդիպի Հաունգ Քսիո Վենգ - Չանգ Յուան զույգի հաղթողի հետ:

Անուշ Գրիգորյան, բռնցքամարտ, 51 կգ քաշային կարգ

Ծնվել է 1998 թվականին Էջմիածնում:

Անձնական մարզիչն է` Խաչիկ Խաչատրյանը:

Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում` 51 կիլոգրամ քաշային կարգում դառնալով ոսկե մեդալակիր:

Ես` բռնցքամարտիկ

«Սպորտն իմ կյանքն է, ես չեմ պատկերացնում իմ կյանքը առաց մարզումների, մրցումների: Արդեն շուրջ 6 տարի է զբաղվում եմ սպորտով` 10 տարեկանից: Սկզբում մարզվել եմ քիկ-բոքսինգով, ապա մարզաձեւս փոխել եմ՝ սիրողական  բռնցքամարտ, որպեսզի հնարավորություն ունենամ մասնակցելու Օլիմպիական խաղերի: Երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է: Այդպես ես ընտրեցի բռնցքամարտը: Ռինգն ասես մագնիսական դաշտ լինի, ես ամեն օր ձգտում եմ ռինգ մտնել: Ես ինձ լավ եմ զգում ռինգում: Հաճելի է, երբ բարձրանում է ադրենալինդ, եւ դու սկսում եմ ռինգում պայքարել ինքդ քեզ հետ»:

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից:

«Օլիմպիական խաղերին մասնակցելը եւ ոչ միայն մասնակցելը, այլեւ ոսկե մեդալ նվաճելը իմ մանկության երազանքն է եղել: Ես մանկուց երազել եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Ճիշտ է, այժմ այդ հնարավորությունն ինձ ընձեռված է, բայց ձգտումներս ու նպատակներս հասնում են մինչեւ մեծահասակների Օլիմպիական խաղեր: Երբ մեծահասակների կազմում Օլիմպիական խաղերում կնվաճեմ ոսկե մեդալ, այդ ժամանակ նոր կհամարեմ, որ երազանքս իրականացել է: Բայց պատանիների եւ մեծահասակների Օլիմպիական խաղերը չեմ ուզում տարանջատեմ, քանի որ երկուսն էլ շատ կարեւորն են, երկուսն էլ Օլիմպիական խաղերն են, միայն թե մեծերինն ավելի բարդ է: Բայց ես ցանկանում եմ բոլոր բարդությունները հաղթահարել բռնցքամարտում եւ ճանաչվել ամենաուժեղը: Եթե այս Օլիմպիական խաղերում Աստծո կամոք ինձ հաջողվի նվաճել ոսկե մեդալը, հաջորդ նպատակս կլինի մեծասակների օլիմպիական ոսկե մեդալը: Պետք է չվրիպեմ, պարտավորվածությունն ավելի մեծ է, որ ես լինելով աշխարհի չեմպիոն, չպետք է չեմպիոնական տիտղոսը զիջեմ մրցակցիս:

Ակնկալիքներս

Հավատում եմ հաղթանակիս, հավատում եմ, որ կկարողանամ ոսկե մեդալը նվաճել: Ցանկանում եմ աշխարհի երիտասարդական առաջնության հաջողությունը կրկնել, նորից չեմպիոնական տիտղոսով վերադառնալ հայրենիք: Հույսս դնում եմ Աստծո վրա: Չեմ թերագնահատում մրցակիցներիս, բայց իմ ուժերի վրա վստահ եմ: Այստեղ եկել եմ ոսկե մեդալի հետեւից եւ կվերցնեմ այն:

Եթե ինձ հաջողվի նվաճել այս Օլիմպիական ոսկին,այն կնվիրեմ իմ հայ ազգին, Հայաստանին»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում