+85 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում: Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող Խաղերի ծանրամարտի մրցաշարում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 391 կգ արդյունքով գերազանցեց բոլորին եւ հռչակվեց չեմպիոն: Հայ ծանրորդն առաջինն էր երկու վարժություններում էլ:
Պոկում վարժությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը 170 կգ արդյունքով առաջին տեղում էր: Նա 20 կգ-ով գերազանցել է երկրորդ տեղը գրաված սերբ Տամաշ Կայդոչին: Սիմոն Մարտիրոսյանի անձնական քաշը 110 կգ է, Կայդոչինը՝ 120 կգ:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը եւս անգերազանցելի էր՝ բարձրացնելով 221 կգ, ինչը աշխարհի երիտասարդական ռեկորդ է: Կայդոչի արդյունքն է 186 կգ:
Հիշեցնենք, որ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 77 կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում