19:38  ,  22 օգոստոսի, 2014

Ժոզե Մոուրինյո. Կդիմեմ կազմի ակտիվ ռոտացիայի

Կդիմեմ կազմի ակտիվ ռոտացիայի սեպտեմբերից, երբ հանդիպումների քանակը կավելանա, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ռոտացիան, մասնավորապես, կվերաբերվի դարպասապահներ Պետր Չեխին եւ Տիբո Կուրտուային, հաղորդում է reuters-ը: Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրում Մոուրինյոն վստահել էր 22-ամյա բելգիացի Կուրտուային:

«Չեմ կարծում, որ Չեխը գոհ է ստեղծված վիճակից: Այժմ բարդ ժամանակահատված է երկուսի համար էլ: Սակայն սեպտեմբերից բոլորն էլ կխաղան, եւ ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Հանդիպումների քանակը կավելանա՝ Պրեմյեր լիգա, Չեմպիոնների լիգա, Անգլիայի Գավաթ»,- ասել է Մոուրինյոն:

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Չելսիի» մրցակիցը կլինի Չեմպիոնշիփի հաղթող «Լեսթերը»:

«Բարդ հանդիպում կլինի: Նրանք ունեն հաղթողի հոգեբանություն, մեծ ակնկալիքներով եւ մոտիվացիայով են եկել Պրեմյեր լիգա: Բարդ մեկնարկից հետո նրանք կարողացան հավասարեցնել հաշիվը եւ լավ հանդիպում անցկացնել «Էվերտոնի» դեմ»,- նշել է Մոուրինյոն:

Մեկնարկային տուրում «Լեսթերը» «Էվերտոնի» հետ հանդիպումն ավարտել է 2:2 հաշվով: Օգոստոսի 23-ին «Լեսթերը» կհյուրընկալվի «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում