14:01  ,  21 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Սոնա Պողոսյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել այս օրերին Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին: Օգոստոսի 21-ին օլիմպիական մրցահարթակ դուրս կգա ծանրամարտի Հայաստանի միակ աղջիկ մասնակից Սոնա Պողոսյանը:

Սոնա Պողոսյան, 16 տարեկան:

Ծնվել է 1998 թվականին, հուլիսի 29-ին, Երեւանում:

Անձնական մարզիչն է Արման Ղազարյանը:

Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճել է 2013 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում, որտեղ նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:

Ես՝ ծանրորդ

«Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Իմ ընկերական շրջապատն ինձ ուղղորդեց դեպի ծանրամարտի դպրոց: Սկզբում լուրջ չէի ընդունում այդ առաջարկները, ցանկություն չունեի մարզվելու, բայց երբ մտա մարզահադլիճ եւ առաջին փորձերը  կատարեցի, արդեն ցանկություն առաջացավ մարզումները շարունակելու, հետագայում արդեն լրջացնելու, խորացնելու: Այժմ արդեն լիարժեք նվիրվել եմ այս մարզաձեւին եւ չեմ ափսոսում, որ ընտրությունս կանգ է առել ծանրամարտի վրա:

Շատ կարծիքներ կան, որ ծանրամարտն աղջկա մարզաձեւ չի: Ամեն մեկն ունի իր կարծիքը եւ պատկերացումը մարզաձեւերի աղջկական լինելու կամ չլինելու մասին: Եթե այդ կարծիքն ունեցողները մի օր մտնեն ծանրամարտի մարզադահլիճ, իրենց կարծիքը կփոխվի եւ իրենք էլ կսկսեն սիրել ծանրամարտը, ծանրաձողը: Ինձ համար կապ չունի տվյալ մարզաձեւով աղջիկներն են զբաղվում, թե տղաները. բոլոր մարզաձեւերն էլ, ըստ իս՝ նաեւ աղջիկների համար են, կարելի է զբաղվել. ինչ տարբերություն՝ ծանրամարտ է, բռնցքամարտ, թե գեղարվեստական մարմնամարզություն: Բոլորն էլ սպորտ են, իսկ սպորտի սիրահարները տարբերություն չեն դնի, աղջկա է, թե տղայի:

Ծանրամարտ մարզաձեւը սկսել եմ սիրել մարզվելու ընթացքում: Այս մարզաձեւում ինձ գրավում է դժվարության, ծանրության հաղթահարումը: Չեմ կարող բացատրել, թե ինչ է այդ պահին ինձ հետ կատարվում, մի ներքին ուժ է գալիս ու ստիպում, որ հաղթահարեմ ծանրությունը: Ծանրամարտը շատ հաճելի սպորտ է ինձ համար, քանի որ ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս կարծես ինչ-որ մեկի հետ պայքարի մեջ մտնեմ:

Երբ ամուսնանամ ու աղջիկ ունենամ, շատ կուզեմ, որ աղջիկս սպորտով զբաղվի, շարունակի իմ գործը, բայց ծանրամարտում չեմ ցանկանա նրան տեսնել, քանի որ շատ բարդ է: Բայց եթե հասկանամ՝ սիրում է իմ պես, տաղանդ ունի, կարող է լուրջ արդյունքների հասնել, նրան կուղղորդեմ դեպի ծանրամարտը եւ ամեն հարցում կօգնեմ: Բայց եթե չսիրի, չեմ ստիպի»:

Ես՝ պատանեկան  Օլիմպիական խաղերի մասնակից:

«2013  թվականին մանսակցեցի Եվրոպայի պատանիների առաջնությանը եւ դարձա արծաթե մեդալակիր, ապա մասնակցեցի 2014թ. Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրեցի չորրորդ տեղը: Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելու հետ նաեւ ձեռք բերեցի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Դա ինձ համար ավելի մեծ ուրախություն էր, քան արծաթե մեդալակիր լինելը, երբ հաղթանակիդ, ոսկե մեդալին եւ Եվրոպայի չեմպիոն դառնալուն մնում է մի քայլ եւ դու այդ քայլը չես կարողանում անել: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ուժերս փորձել պատանիների Օլիմպիական խաղերում, սա լուրջ փորձություն է մեծահասակների հավաքական, մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում պայքարելու համար: Կարծում եմ, յուրաքարչյուր մարզիկ պետք է այս դպրոցները հերթով, աստիճանաբար անցնի՝ պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, պատանեկան տարիքում թերեւս ամենագլխավոր ստուգատես՝ պատանեկան Օլիմպիական խաղեր, իսկ այս ամենը հաղթահարելուց եւ պատվով դուրս գալուց հետո նոր մեծահասակների Օլիմպիական խաղեր, մրցումներ, հավաքներ, հաղթանակներ, պարտություններ: Ես անցնում եմ այդ դպրոցն ըստ հերթականության, եւ այժմ մասնակցում եմ իմ կյանքի թերեւս ամենալուրջ ու իմ տարիքային խմբում ամենաբարձր մրցաշարին՝ Օլիմպիական խաղերին»:

Ակնկալիքներս

«Ակնկալիքներ ունեմ, գտնվում եմ նորմալ մարզավիճակում: Ներկայացրել ենք 180 կգ հայտ՝ երկամարտում: Սա դեռ շատ քիչ է, միտումնավոր քիչ ենք հայտ ներկայացրել, որ բարձրացնելու տեղ ունենանք: Կարծում եմ 195 կգ կբարձրացնեմ: Վստահ եմ իմ ուժերի վրա: Մեդալների ակնկալիք գրեթե չունեմ, քանի որ շատ դժվար է լինելու: 6 շատ լուրջ մրցակից ունեմ, այդ իսկ պատճառով նախապես չեմ հայտարարի, թե ես մեդալ կկարողանամ նվաճել: Առջեւում Ռիո-2016  ամառային Օլիմպիական խաղերն են, նպատակներս ու ձգտումներս դեպի Ռիոն են: Այս պատանեկան Օլիմպիական խաղերից հետո անմիջապես միանալու եմ մեծահասակների հավաքականին, եւ արդեն ամբողջ հավաքականով պայքարելու ենք օլիմպիական վարկանիշների համար: Մասնակցելու եմ մեծահասակների աշխարհի առաջնությանը եւ ամեն գնով փորձելու եմ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել:

Ես աշխարհի առաջնությանը մասնակցելու եմ հայկական մարզաշխարհում՝ ծանրամարտում իմ կուռքի՝ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ: Դա ինձ համար մեծ պատիվ է, պետք է ամեն գնով պայքարեմ մեդալ նվաճելու, վարկանիշ ձեռք բերելու համար: Իսկ մինչ այդ կպայքարեմ Նանջինգում»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս