20:15  ,  20 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը հրավիրվել է Գրան պրի մրցաշարերին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կողմից հրավիրվել է մասնակցելու Գրան Պրի մրցաշարերին, որոնց առաջին երկու հաղթողները կորակավորվեն 2014-2016 աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։

Գրան պրին բաղկացած է չորս մրցաշարերից։ Յուրաքանչյուր գրոսմայստեր կմասնակցի երեք մրցաշարի, ինչի արդյունքում կկազմվեն վերջին արդյունքները։ Գրան Պրիի մրցաշարերը, որոնց կմասնակցեն 16 շախմատիստներ, կկայանան Բաքվում (2014թ. հոկտեմբերի 1-15), Տաշքենդում (2014թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3), Թեհրանում (2015թ. փետրվարի 14-28) եւ Մոսկվայում (2015թ. մայիսի 13-27)։ 11 գրոսմայստերներ ընտրված են ՖԻԴԵ-ի կողմից, մեկական մասնակիցներ կներկայացնեն կազմակերպիչ երկրները, իսկ մեկ թեկնածուն կներկայցվի ՖԻԴԵ-ի նախագահի կողմից։

Հրավիրվածների թվում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Անդրեյկինը եւ Եվգենի Տոմաշեւսկին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում