10:29  ,  19 օգոստոսի, 2014

Ռուսլան Կորյան. Ինձ համար կա միայն մեկ հավաքական՝ Հայաստանինը

Արդեն մեկ անգամ ասել եմ, որ շատ կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում: Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Ինձ մոտ երբեք հարց չի առաջացել, թե որ հավաքականը ընտրեմ: Ինձ համար կա մեկ հավաքական, եւ դա Հայաստանինն է:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուչ Էներգիայի» ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը:

Ռուսլան, որտեղի՞ց են քո արմատները:

Ծնողներս ծնվել են Սոչիում: Մայրական կողմից բարեկամներ ունեմ Հայաստանում, բայց երբեք նրանց չեմ տեսել:

Առաջին անգամ անցյալ տարի եղար Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ստացար:

Հայաստանի մասին լսել էի ծնողներիցս: Եկա ձմռանը: Հիանալի տպավորություններ ստացա: Երեւանը շատ լավ տպավորություն թողեց: Ես մեկ անգամ չլսեցի, որ փողոցում որեւէ մեկը վատ արտահայտվեր, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ դա հաճախ է պատահում: Քանի որ ձյուն էր գալիս շատ բան չհասցրի տեսնել: Անգամ Սեւան չգնացի: Իսկ ձմռանն էի եկել, քանի որ արձակուրդս այդ ժամանակ է:

Ռուսլան, այս մրցաշրջանում արդեն չորրորդ գնդակն ես խփում: Եթե Հայաստանի հավաքականի կողմից ուշադրություն լինի քո հանդեպ, ի՞նչ կպատասխանես՝ հաշվի առնելով լեգեոնականների թվի սահմանափակման օրենքը Ռուսաստանի Առաջին լիգայում:

Արդեն մեկ անգամ ասել եմ, որ շատ կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում: Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Ինձ մոտ երբեք հարց չի առաջացել, թե որ հավաքականը ընտրեմ: Ինձ համար կա մեկ հավաքական, եւ դա Հայաստանինն է: Բայց պետք է իրատես լինել: Ես հանդես եմ գալիս Առաջին լիգայում, եւ այստեղ կա մեր հնարավորությունները սահմանափակող օրենք:

Իսկ եթե դառնա՞ս թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Գուցե այդ դեպքում լինես այդ երեք լեգեոնականներից մեկը:

Ֆուտբոլն այնպիսի բան է, որ այսօր գուցե առանցքային ֆուտբոլիստ ես, իսկ վաղը՝ ոչ: Վստահություն չկա, որ կմնաս այդպիսին:

Ինչպե՞ս կբնութագրես մարզիչիդ՝ Ալեքսանդր Գրիգորյանին:

Ինձ շատ է դուր գալիս այն, որ նա երբեք հետ չի կանգնում իր ցանկությունից: Նույնիսկ եթե ամեն ինչ սխալ է գնում, նա չի հանձնվում: Մարզիչս շատ պահանջկոտ է:

Դժվար չէ՞ ապրել Ռուսաստանի արեւելքում: Այդքան ժամ ինքնաթիռով թռչում եք, հետո վերադառնում, գրաֆիկների տարբերությունը:

Արդեն երեք տարի է այստեղ եմ: Սովորել եմ: Դա մեր ընտրությունն է:

Ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ այլ թիմ տեղափոխվելու տարբերակ չկա՞ր:

Կոնկրետ առաջարկներ չկային: Իրականում ես այստեղ երջանիկ եմ եւ ունեմ գործող պայմանագիր:

Ո՞վ է զբաղվում քո ֆուտբոլային գործերով:

Ունեմ գործակալ՝ Ալեքսեյ Տիլմանը, ում վստահում եմ իմ ֆուտբոլային հարցերը եւ շատ շնորհակալ եմ նրան: Այն, որ այսօր ֆուտբոլ եմ խաղում, անշուշտ, նրա, ծնողներիս եւ ընտանիքիս շնորհիվ է:

Համախարհային ֆուտբոլում ի՞նչ նախասիրություններ ունես:

Ինձ դուրս է գալիս «Բարսելոնայի» խաղը:

Վիքիպեդիայում գրված է, որ ունես նաեւ ուկրաինական անձնագիր:

Ուկրաինական անձնագիր չունեմ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով