19:20  ,  16 օգոստոսի, 2014

Գերմանիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանը սկիզբ դրեց «Բորուսիայի» վստահ հաղթանակին

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Շտուտգարտ Կիկերսին»:

Շտուտգարտում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 4:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 82 րոպե՝ երկրորդ խաղակեսում ստանալով դեղին քարտ: Դորտմունդցիներից ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ խաղի վերջակետը դրեց կոլումբացի ռմբարկու Ադրիան Ռամոսը:

Հյուրերի մեկնարկային կազմում էր նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ խաղալով 57 րոպե:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել էր «Բավարիային»՝ դառնալով Գերմանիայի սուպերգավաթակիր:

Գերմանիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Շտուտգարտ Կիկերս» - «Բորուսիա»՝ 1:4

Ռենդի Էդվինի-Բոնսու, 60 – Հենրիխ Մխիթարյան, 30, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 55, 78, Ադրիան Ռամոս, 89

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Նեւեն Սուբոտիչ, Էրիկ Դուրմ, Միլոշ Յոյիչ, Օլիվեր Կիրխ (Սվեն Բենդեր, 90), Հենրիխ Մխիթարյան (Կեւին Գրոսկրոյց, 82), Մարկո Ռոյս (Սեբաստիան Կել, 57), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ադրիան Ռամոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում