16:28  ,  15 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Հարություն Դերմիշյան

NEWS.am Sport-ը շարունակում է  ներկայացնել օգոստոսի 16-ին Չինաստանում մեկնարկող Նանջինգ-2014-ի պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:

Հարություն Դերմիշյան, ձյուդո, 66 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1996 թվականի ապրիլի 6-ին, Երեւանում:

Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է  2013 պատանիների աշխարհի առաջնությունում`զբաղեցնելով 5-րդ մրցանակային տեղը: Անձնական մարզիչն է Դավիթ Խիթարյանը:

Ես` ձյուդոիստ

«Ես 18 տարեկան եմ, ձյուդոն է առայժմ զբաղեցրել սիրտս: Երբ առաջին անգամ կանգնեցի տատամիի վրա եւ անցկացրեցի առաջին գոտեմարտս, հասկացա, որ ձյուդոն իմ մարզաձեւն է, իմ մասնագիտությունը, իմ կարիերան, ձյուդոյով ես ապրում եմ, սա իմ կենսակերպն է: Չեմ կարող նույնիսկ մեկ օր առանց տատամի դուրս գալու անցկացնել: Ճիշտ է` շատ դժվարություններ կան, վնասվածքներ, պարտություններ, հիասթափություններ, բայց երբ քեզ լիովին նվիրում ես սպորտին, ամեն ինչ դառնում է հաղթահարելի: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ զգացողություն եմ ունենում, երբ տատամի եմ դուրս գալիս, նույնիսկ եթե բացատրեմ, ձյուդոյով չզբաղվողները չեն հասկանա: Ձյուդոն ինձ համար գեղեկցություն է: Հպարտ եմ, որ ես ձյուդոիստ եմ»:

Անձնական մարզիչ Դավիթ Խիթարյանի հետ

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Ինձ համար շատ կարեւոր են այս Խաղերը: Պատանեկան Օլիմպիական խաղերը մարզիկի առաջին քայլն է օլիմպիական մրցահարթակում, եւ կարեւոր է նրանով, որ յուրաքանչյուր մարզիկ իր մարզական կարիերայի ընթացքում հնարավորություն ունի ընդամենը մեկ անգամ իր ուժերը փորձել պատանեկան Օլիմպիական խաղերում, քանի որ պատանեկան տարիքային խմբից դուրս ես գալիս եւ երկրորդ անգամ այլեւս հնարավորություն չի ունենա մասնակցել: Ես մեկնում եմ Նանջինգ ինքս ինձ, անձնական մարզիչիս եւ բոլոր մարզիչներին, ինչպե նաեւ ծնողներիս ապացուցելու, որ կարող եմ հաղթահարել Օլիմպիական խաղերի բարձունքը:  Սա մի շանս է, մեկ հնարավորություն յուրաքանչյուր մարզիկի կյանքում՝ ապացուցելու համար, որ դու պատանիների մեջ առաջատար ես»:

Ակնկալիքներս

«Մեկնում եմ մեդալի հետեւից: Ես ինձ համարում եմ մեդալի հավակնորդ: Համոզված եմ, որ կարողանալու եմ մեդալով վերադառնալ հայրենիք: Չգիտեմ՝ դա ինչ գույնի մեդալ կլինի, իհարկե կձգտեմ ոսկուն, բայց այլ հարգի մեդալներին էլ դեմ չեմ լինի: Գտնվում եմ լավ մարզավիճակում, պատրաստ եմ պայքարել մեդալի համար: Հաղթանակս նվիրելու եմ ծնողներիս»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով