14:36  ,  11 օգոստոսի, 2014

Խոակին Բոգոսյան. Երբեք չեմ մերժել Հայաստանի հավաքականին

Ուրուգվայական «Դեֆենսորի» 27-ամյա հարձակվող Խոակին Բոգոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականից տարիներ առաջ ստացած հրավերի եւ ազգային թիմին չմիանալու պատճառների մասին:

Խոակին, քո՝ Հայաստանի հավաքականին չմիանալն ունի երկար պատմություն: Հայ ֆուտբոլասերին այդպես էլ պարզ չդարձավ՝ մերժեցի՞ր Հայաստանիn, քանի որ սպասում էիր Ուրուգվայի հավաքական հրավիրվելուն:

Հայաստանի հավաքականից առաջարկ ստացա 2009/2010 մրցաշրջանի վերջում, երբ հանդես էի գալիս Արգենտինայում: Այդ պահին ես խնդրեցի, որ ինձ մի քիչ ժամանակ տան, որպեսզի կարողանամ արձակուրդս անցկացնել ընտանիքիս հետ եւ միասին որոշում ընդունեինք: Ես խնդրեցի, որ ինձ հետ կապ հաստատեն հունիսին, բայց նրանք այլեւս չզանգահարեցին: 2010-ի օգոստոսին ինձ ազգային հավաքականից զանգարեցին այլ մարդիկ, իսկ ես ավստրիական «Զալցբուրգում» էի: Նրանք հարցրին, թե արդյոք ցանկանում եմ մեկնել եւ դիտել Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումը: Այդ պահին ես իսկապես շատ ոգեւորված էր եւ խնդրեցի, որ համաձանության գան իմ ակումբի հետ, բայց ես այլեւս ոչ մի զանգ չստացա: Այնպես որ ես ոչ թե ընտրել էի Ուրուգվայը, այլ պարզապես համաձայնության չեկա Հայաստանի հավաքականի հետ: Այսպիսին է եղել իմ պատմությունը Հայաստանի ազգային թիմի հետ:

2009-ին ամբողջ աշխարհից հայ երկրպագուները նկարահանել էին տեսահոլովակ, որով խնդրում էին քեզ միանալ Հայաստանի հավաքականին: Այդ տեսահոլավակն ա՞զդեց քեզ վրա:

Երբ տեսա այդ տեսահոլովակը, ես չէի կարողանում հավատալ: Գուցե դա նրանից էր, որ այդ պահին իմ կարիերայում ամեն բան շատ արագ էր տեղի ունենում: Բայց ես այնքան հպարտ էի: Հիանալի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ իմ նախնիների հայրենիքից, որտեղից նրանք ստիպված էին փախչել թուրքերի պատճառով, խնդրում էին ինձ վերադառնալ եւ խաղալ այնտեղ: Դա անհավատալի բան էր իմ եւ ընտանիքիս համար: Հատկապես իմ եւ եղբորս համար, քանի որ մենք հետեւում ենք հայկական ֆուտբոլին:

Մեկ տարի առաջ, երբ ՀՖՖ նախագահին հարցրին քո մասին, նա ասաց, որ դու մերժել ես Հայաստանի հավաքականի հրավերը՝ պատճառաբանելով, որ զոքանչիդ ծննդյան օրն է:

Լավ էլի… Իսկապե՞ս:

Չե՞ս զղջում, որ մերժեցիր Հայաստանի հավաքականին:

Ես երբեք չեմ մերժել:

Դու շատ հաջող էիր հանդես գալիս Արգենտինայում: Ըստ քեզ՝ Եվրոպա տեղափոխվելը սխա՞լ որոշում էր:

Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել: Իմ յուրաքանչյուր որոշում եղել է լավագույնը, քանի որ դրանք արդեն կայացված են եղել ու չեմ զղջում դրանցից ոչ մեկի համար:

Այս տարի տեղափոխվեցիր Ուրուգվայ: Ինչի՞ հետ է դա կապված:

Այս տարվա հունիսին ես հայր դարձա: Այստեղ մնալու ցանկությունս կապված է երեխայի հետ: Ցանկանում էի, որ նա մեր ընտանիքի հետ լինի կյանքի առաջին ամիսներին:

Ի՞նչ կասես մեկ այլ ուրուգվայահայ ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեոզյանի մասին: Ծանո՞թ ես Մաուրոյին, ով վերջերս խաղաց Հայաստանի հավաքականի կազմում: 

Մաուրոյին հավաքական հրավիրելը ճիշտ որոշում էր: Նա իսկապես լավ ֆուտբոլիստ է: Գեւգեոզյանը ուժեղ, լավ տեխնիկայով խելացի հարձակվող է, ով պատրաստ է վազել մինչեւ մահանալը: Շատ բան եմ սովորել նրանից:

Կապ պահպանո՞ւմ ես Արգենտինայի եւ Ուրուգվայի հայ համայնքների հետ:

Այո, ես համայնքի շատ ներկայացուցիչների հետ կապ պահպանում եմ, հատկապես՝ Ուրուգվայում, քանի որ ես հաճախել եմ այնտեղի հայկական միջնակարգ դպրոցը:

Այնուամենայնիվ, եթե քեզ դարձյալ հրավիրեն Հայաստանի հավաքական, կմիանա՞ս:

Դա կախված է, թե կարիերայիս որ փուլում կլինեմ: Դա բացարձակապես կապված չէ Ուրուգվայի հավաքականից հրավերի հետ: Ինձ համար դա մրցույթ չէ:

Հետեւո՞ւմ ես Հայաստանի հավաքականի խաղերին:

Երբ հեռուստացույցով հեռարձակում են, այո: Այստեղ դա այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն դիտում եմ ինտերնետով:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում