14:15  ,  8 օգոստոսի, 2014

Վալտեր Սաֆարյան. Երազանքս Հայաստանի հավաքականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում տեսնելն է

«Շատ բան գիտեմ հայկական ֆուտբոլի մասին: Ես Հենրիխի ֆանատն եմ: Յուրան նույնպես լավ ֆուտբոլիստ է: Շաբաթ եւ կիրակի հետեւում եմ նրանց ելույթներին: Երկուշաբթի գիշերը Fox Sport-ի եթերում հաղորդում եմ վարում եվրոպական ֆուտբոլի մասին: Հույս ունեմ, որ նրանք շատ բան կտան ազգային հավաքականին»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգենտիայի ամենահայտնի մարզական լրագրողներից եւ մեկնաբաներից մեկը՝ Վալտեր Սաֆարյանը, ով 30 տարվա կարիերայի ընթացքում լուսաբանել է ֆուտբոլային աշխարհի կարեւորագույն իրադարձությունները, հարցազրույցներ է վերցրել ամենահայտնի մարզիկներից ու մարզիչներից: 

Պարոն Սաֆարյան, Ձեր ընտանիքը Արգենտինա է տեղափոխվել Լիբանանից: Որտեղի՞ց են Ձեր արմատները:

Ես ինքս ծնվել եմ Բուենոս Այրեսում 1968-ին: Տատիկս ու պապիկս Երեւանից են տեղափոխվել Լիբանան, այնտեղից էլ՝ Արգենտինա:

Դուք հաջողակ կարիերա ունեք, լավագույններից եք Ձեր երկրում: Ի՞նչ պետք է ունենա մարդ, ով ցանկանում է լինել լավ լրագրող: Կկիսվե՞ք Ձեր գաղտնիքով:

Իմ գաղտնիքը աշխատանքն է: Ես սիրում եմ իմ աշխատանքը: 28 տարի է աշխատում եմ որպես լրագրող: Լրագրությունը իմ կիրքն է:

Հարցազրույցներ եք վերցրել շատ հայտնի ֆուտբոլիստներից եւ մարզիչներից: Ո՞րն եք համարում լավագույնը Ձեր կարիերայում:

Իսկապես կարիերայիս ընթացքում զրուցել եմ շատ հայտնի ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Չգիտեմ, թե որ մեկն էր լավագույնը: Միշտ հիշում եմ զրույցս Ֆրանց Բեկենբաուերի, ինչպես նաեւ Ալեքս Ֆերգյուսոնի, Մարադոնայի, Էրիկ Կանտոնայի, Չիրո Ֆերարայի, Խրիստո Ստոիչկովի, Լիոնել Մեսիի, Կարլոս Բիլարդոյի, Իվան Սամորանոյի, Խավյեր Զանետիի, Ֆերնանդո Հիերոյի, Դավիդ Տրեզեգեի, Պելեի, Կարլոս Վալդերամայի, Ռենե Հիգիթայի, Ալեքս Ագունագայի, Լոթար Մատեուսի, Ռոբերտո Պաուլո Ֆալկաոյի, Գաբրիել Բատիստուտայի եւ Հերնան Կրեսպոյի հետ: Նրանք այնքան շատ են: Դժվար է ընտրել մեկին:

Մարդկային հատկանիշներով ո՞վ է ամենից շատ տպավորել Ձեզ: 

Նրանք բոլորն էլ շատ ընկերասեր են: Երբեք խնդիր չեմ ունեցել:

Մեկ ամիս առաջ աշխատում էիք աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում: Ի՞նչ կասեք Արգենտինայի խաղի մասին: Նրանք արժանի՞ էին չեմպիոնության:

Արգենտինան լավ առաջնություն անցկացրեց, բայց ամենալավ թիմը Գերմանիան էր: Արգենտինան արժանի էր խաղալ եզրափակիչում: 

Ո՞վ է լինելու Արգենտինայի հավաքականի հաջորդ մարզիչը:

Ամենայն հավանականությամբ Խերարդո Մարտինոն: 

Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:

Բոլոր ժամանակների լավագո՞ւյն ֆուտբոլիստ: Ո՛չ: Նա այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Աշխարհի վերջին երեք առաջնություններում հաղթում են եվրոպական հավաքականներ: Կարո՞ղ ենք ասել, որ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆուտբոլային պատերազմում հաղթում է Հին աշխարհը։

Եվրոպական թիմերը լավագույնն էին Գերմանիայում 2006-ին, ՀԱՀ-ում 2010-ին եւ այս տարի Բրազիլիայում: Դա նույնիսկ չի քննարկվում: 

Արգենտինան այժմ մեծ ֆինանսական խնդիրներ ունի: Դա անդրադառնո՞ւմ է ֆուտբոլի վրա:

Արգենտինայի ֆինանասական խնդիրները ահռելի են, եւ ֆուտբոլը ազատված չէ դրանցից: Լուծումը ֆուտբոլիստների վաճառքի մեջ է:

Արգենտինայում գործում է աշխարհի ամենամեծ եւ ուժեղ հայկական համայքներից մեկը: Դուք ակտի՞վ եք համայնքի գործունեության մեջ:

Այո, շատ ակտիվ եմ թե՛ համայնքի գործունեության, թե՛ «Դեպորտիվո Արմենիոյի» գործերում: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ:

Հարավային Ամերիկայի հայ ֆուտբոլիստներից գիտենք Խոակին Բողոսյանին ու Մաուրո Գեւգեոզյանին: Կա՞ն այլ հայ խոստումնալից ֆուտբոլիստներ Հարավային Ամերիկայում:

Առաջին լիգայում կարելի է ասել, որ ոչ:

Խոակինի պատմությունը շատ հայտնի է Հայաստանում: Դուք նրա հետ խոսե՞լ եք դրանից հետո: Նա չի՞ զղջում, որ մերժեց Հայաստանի հավաքականին:

Ես նրա հետ խոսել եմ: Այնտեղ կային անձնական որոշումներ: Միայն նա գիտի, թե ինչու ասաց ոչ: 

Ձմռանը խոսվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչը լինելու է Հարավային Ամերիկայից: Մենք շատ անուններ լսեցինք: Խոսվում էր Գրեգորիո Պերեսի մասին, բայց վերջում ընտրվեց եվրոպացի մասնագետ: Ինչո՞ւ գործարքը չկայացավ:

Չգիտեմ: Գրեգորի Պերեսի հետ հանդիպել է Նորայ Նակիսը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդարացիայի պահանջով: Նա նույնպես խոսել էր Գուստավո Ալֆարոյի հետ, բայց նրանք ասել էին ոչ:

Ի՞նչ գիտեք ժամանակակից հայկական ֆուտբոլի մասին՝ բացի Մխիթարյանից ու Մովսիսյանից:

Շատ բան գիտեմ: Ես Հենրիխի ֆանատն եմ: Յուրան նույնպես լավ ֆուտբոլիստ է: Շաբաթ եւ կիրակի հետեւում եմ նրանց ելույթներին: Երկուշաբթի գիշերը Fox Sport-ի եթերում հաղորդում եմ վարում եվրոպական ֆուտբոլի մասին: Ես հույս ունեմ նրանք շատ բան կտան ազգային հավաքականին:

Դուք երբեք չեք եղել Հայաստանում: Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր պատմական հայրենիքը:

Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց պետք է գամ: Երեւի հաջորդ տարի կգամ: Գիտեմ Հայաստանի մասին միայն լուսանկարներով, տեսաերիզներով, կամ էլ ընկերներիս պատմածով: Երազ կլինի լինել այդտեղ: Ես երազում եմ գալու մասին:

Ունե՞ք այնպիսի ֆուտբոլային երազանք, որը դեռ չի իրականացել:

Տեսնել Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում: Բարդ բան է, բայց ոչ անհնարին: 

Վերա Մարտիրոսյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով