20:47  ,  27 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին «Բորուսիայի» վստահ հաղթանակին

Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 27-ին ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց Գերմանիայի ռեգիոնալ լիգայի արեւմտյան գոտում հադես եկող «Էսենին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ 5 րոպեում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպման 30-րդ րոպեին դորտմունդցիները հաղթում էին 5:0 հաշվով: Նախ 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ քիչ անց աչքի ընկավ վնասվածքից ապաքինված սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը: Յուրգեն Կլոպի թիմի չորրորդ գոլը 25-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը, ով 5 րոպե անց նաեւ գոլային փոխանցում կատարեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեին: Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց խփել հեղինակության գոլը, իսկ ընդմիջումից հետո դարպասի նոր գրավումներ չարձանգրվեցին:

Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ փոխարինվեց ընդմիջմանը:

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում սա «Բորուսիայի» չորրորդ ընկերական խաղն է, որոնցում Մխիթարյանը խփեց 5-րդ գոլը: Գերմանական «Հեսեն Կասելի» դեմ հանդիպմանը Հենրիխն աչքի էր ընկել մեկ անգամ, իսկ «Հայդենհայմի» հետ մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ: Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկի» դեմ խաղում նրա գոլը դորտմունդցիներին փրկել էր պարտությունից՝ 1:1:

Ընկերական խաղ

«Էսեն» - «Բորուսիա»՝ 1:5

Սակու, 39 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, 10, Նեւեն Սուբոտիչ, 21, Հենրիխ Մխիթարյան, 25, Չիրո Իմոբիլե, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում