01:29  ,  26 հուլիսի, 2014

Դեկուն հրաժեշտի խաղում մեկական գնդակ խփեց «Բարսելոնային» եւ «Պորտուին»

«Բարսելոնան» եւ «Պորտուն» խաղացին պորտուգալացի կիսապաշտպան Դեկուի հրաժեշտի խաղում: Դեկուն 1999-2004 թվականներին հանդես է եկել «Պորտուում», իսկ 2004-2008 թվականներին՝ «Բարսելոնայում»: Պորտուգալիայի Պորտու քաղաքում կայացած «Պորտու-2004» - «Բարսելոնա-2006» հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով: Դեկուն մեկական խաղակես է անցկացրել թիմերում եւ խփել է մեկական գնդակ երկու թիմերի դարպասն էլ:

«Բարսելոնայի» կազմում հանդես են եկել Ալբերտ Խորկերան, Օլեգերը, Ժուլիանո Բելետին, Խերարդ Լոպեսը, Սիլվինյոն, Էդգար Դավիդսը, Մարկ վան Բոմելը, Ջովանի վան Բրոնքհորսթը, Լյուդովիկ Ժյուլին, Սանտյագո Էսկերոն, Էյդուր Գուդյոնսենը, Սամուել Էտո՝Օ-ն եւ Լիոնել Մեսին:

«Պորտուն» ներկայացրել են Վիտոր Բայան, Պաուլու Ֆերեյրան, Ժորժե Կոշտան, Պեդրու Էմանուելը, Նունու Վալենտեն, Կոշտինյան, Մանիշեն, Պեդրու Մենդեշը, Դերլեյը, Բենի Մաքարթին, Ժորժե Անդրադեն, Մարիո Սիլվան, Ռիկարդու Ֆերնանդեշը, Բրունու Վալեն, Սերժիու Կոնսեյսաուն, Էդգարաս Յանկաուսկաը, Ռիկարդու Կարվալյուն եւ Դմիտրի Ալենիչեւը:

«Պորտուի» կազմում Դեկուից բացի, գոլի հեղինակ են դարձել Մաքարթին, Դերլեյը եւ Յանկաուսկասը, «Բարսելոնայում» աչքի են ընկել նաեւ Էտո՝Օ-ն՝ երկու անգամ եւ մեկ անգամ՝ Մեսին:

Դեկուն «Պորտուի» հետ նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի կոչումն ու 2004թ. Չեմպիոնների լիգայի գավաթը, «Բարսելոնայում» նա դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ 2006թ. Չեմպիոնների լիգայի հաղթող: «Չելսիի» հետ Դեկուն դարձել է Անգլիայի չեմպիոն: Դեկուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2004թ. Եվրոպայի փոխչեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում