22:26  ,  22 հուլիսի, 2014

Լեւանդովսկին չի համապատասխանում «Բավարիայի» խաղաոճին. NEWS.am Sport-ի ռեպորտաժը Մյունխենից (ֆոտոշարք)

Լեւանդովսկին չի համապատասխանում «Բավարիայի»  խաղաոճին, չեմ կարծում որ նրա տեղափոխությունը լավ գաղափար էր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ Մյունխենում տեղի ունեցած զրույցում ասաց գերմանական Bild պարբերականի մարզական լրագրող Սվեն Վեստերշուլցեն:

«Դույսբուրգի» դեմ ընկերական խաղում ոչ ոքի խաղալուց հետո հուլիսի 22-ին  «Բավարիայի» ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ բաց մարզում անցկացրին երկրպագուների եւ լրագրողների համար: Մարզմանը ներկա է եղել նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը: Ընդհանուր խմբին էր միացել նաեւ մեջքի վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունը բաց թողած  Ֆրանսիայի հավաքականի եւ մյունխենցիների ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ով ապաքինումից հետո նոր է վերսկսել լիարժեք մարզումները:

Նրա վերադարձը ընդհանուր խումբ իսկական իրադարձություն էր «Բավարիայի» երկրպագուների համար, որոնք չնայած անձրեւոտ եղանակին հետեւում էին մարզմանը: Մարզադաշտի հարակից տարածքը լի էր երկրպագուներով, լրագրողներով, զբոսաշրջիկներով, որոնք բաց չէին թողել հնարավորությունը մոտիկից դիտել, թե ինչպես են մարզվում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած գերմանացի ֆուտբոլիստները.

Չնայած հավաքված բազմությանը, զարմանալի լռություն էր տիրում շուրջը: Փոքրիկ երեխաներ, ովքեր շունչները պահած, ծնողների ուսերից հետեւում էին մարզմանը, տարեց կանայք, հաշմանդամի սայլակին գամված մարդիկ եւ բազմաթիվ գունավոր հովանոցներ, որոնց վրա կաթկթացող անձրեւի ձայնը տիրող լռությունը խախտող միակ բանն էր:

Իմ այս դիտարկմանը ի պատասխան, թե ինչու են բոլորն այսքան լուռ, գերմանացի լրագրողներից մեկը նշեց, որ դա բնորոշ է «Բավարիայի» երնրպագուներին, եւ բոլոր մարզումների ժամանակ էլ հիմնականում անաղմուկ է լինում:

Հավաքված երկրպագուները, իհարկե, միակարծիք էին, որ «Բավարիան» աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբն է եւ դժվարանում էին նրանց շարքում առանձնացնել որեւէ մի ֆուտբոլիստի:

Ես փորձեցի պարզել, թե ինչ են կարծում նրանք Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխված Ռոբերտ Լեւանդովսկու մասին եւ զրուցեցի հավաքված ֆուտբոլասերների հետ: Երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեն նրանից, հատկապես որ «Դույսբուրգի» հետ խաղում նա գոլի հեղինակ էր դարձել:

«Մենք անչափ հպարտ ենք, որ «Բավարիային»  հաջողվել է ձեռք բերել Լեւանդովսկուն: Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- կարծում են «Բավարիայի» ֆան ակումբի անդամները:

Լեւանդովսկու ձեռքբերման հարցում այդքան միանշանակ չէին արտահայտվում սակայն մարզական լրագրողները: Bild պարբերականի թղթակից Սվեն Վեստերշուլցեն կարծում է, որ նրա տեղափոխությունն ամենալավ որոշումը չէ «Բավարիայի» համար:

«Լեւանդովսկին չի համապատասխանում «Բավարիայի» խաղաոճին: Չեմ կարծում, որ նրա տեղափոխությունը լավ գաղափար էր: Նա կարող է լավ խաղ ցուցադրել, միայն եթե թիմակիցները ապահովեն նրա համար այն համակարգը, որն, օրինակ, Մեսիի համար գործում է «Բարսելոնայում»,- նշեց նա:

Ինձ եւս հաջողվեց ինքնագրեր ստանալ Ռոբերտ Լեւանդվսկուց եւ աշխարհի չեմպիոն դարձած Ժերոմ Բոատենգից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ինքնագրով գնդակը ես նվիրեցի մի փոքրիկի, ով լաց էր լինում ինքնագիր ստանալու պահը բաց թողնելու պատճառով:

Հասմիկ Մուրադյան (Մյունխեն, Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով