21:10  ,  16 հուլիսի, 2014

Նորայր Ասլանյան. Գերմանիան իսկապես ամենաուժեղն էր, «Ոսկե գնդակին» արժանի էր Ռոբենը

Հունիսին Գերմանիայի հետ ընկերական խաղից հետո ես ասացի, որ նրանք կդառնան աշխարհի չեմպիոն: Այդ մաին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ հոլանդական «Ալմերե Սիթի» ակումբի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը:

Նորայր, ո՞ր թիմին էիր համակրում աշխարհի առաջնությունում:

Որ ասեմ այդպես համակրանք ունեմ, ճիշտ չի լինի, բայց քանի որ ապրում եմ Հոլանդիայում, ավելի շատ նրանց էի համակրում: Այսօրվա հավաքականից շատ տղաների դեմ ժամանակին խաղացել եմ:

Ինչպիսի՞ տրամադրություն էր Հոլանդիայում երրորդ տեղ գրավելուց հետո:

Սկզբում նրանք չէին սպասում այդպիսի հաջողության: Նույնիսկ կարծում էին, թե խմբից դուրս չեն գա, այդ պատճառով այս արդյունքը դրական է գնահատվում: Չնայած գնում էին դեպի չեմպիոնության:

Ըստ քեզ՝ ինչի՞ հաշվին Հոլանդիային հաջողվեց այդքան լավ հանդես գալ Բրազիլիայում:

Արյեն Ռոբենը հիանալի մարզավիճակում էր: Ես երբեք չէի տեսել, որ նա այդպես լավ խաղա: Ամբողջ թիմն էլ իր հերթին լավ խաղաց:

Ո՞վ էր ամենից շատ արժանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

100 տոկոս՝ Ռոբենը: Նա 120 րոպե անդադար վազում էր, չէր հոգնում, ասես մեքենա լիներ:

Նորայր, հայ ֆուտբոլիստներից մի քանիսը՝ նաեւ դու եւ բազմաթիվ երկրպագուներ Գերմանիա - Բրազլիա խաղից հետո զուգահեռներ էին անցկացնում՝ ասելով, թե հայերը միայն վերջին 20 րոպեներին պարտվեցին: Նման համեմատություններ անելը ճի՞շտ է:

Դե դա կատակով էր ասվում հիմնականում: 1:6 հաշիվը նույնպես շատ վատ արդյունք էր ու համեմատել չի լինի:

Գերմանիան իսկապե՞ս առաջնության ամենաուժեղ թիմն էր:

Այո, երբ մենք նրանց հետ խաղացինք, ես ասացի, որ նրանք են դառնալու չեմպիոն: Շատ ուժեղ են:

Նորայր, նոր թիմ ես տեղափոխվել:  Հարմարվե՞լ ես նոր թիմիդ:

Ես այն տարիքում եմ, որ ինձ պետք է մշտապես խաղալ: «Վիլլեմ Երկրորդում» ես 34 խաղից մասնացել էի 23-ին: Մարզիչի հետ խոսեցի, եւ նա ինձ բացատրեց, որ թիմի նոր մարտավարությանն իմ խաղը չի համապատասխանի, ավելի լավ կանեմ նոր տեղում ուժերս փորձեմ, եւ ես եկա «Ալմերե Սիթի»: Իմ տարիքում ամենակարեւորը մշտապես խաղային պրակտիկա ունենալն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով