20:35  ,  11 հուլիսի, 2014

Ռուս մարզական լրագրողների անհավանական արկածներն Արցախում (ֆոտոշարք)

Մայիսի վերջին գործարար Արմեն Բարխուդարյանի հրավերով ես պետք է մեկնեցի Արցախ. Հադրութում անցկացվում էր IAFA-ի (Ֆուտբոլի միջազգային սիրողական լիգա) գավաթի խաղարկությունը, որն այս անգամ կրում էր Դիզակի Գավաթ անվանումը: Մեկնումից առաջ իմացա, որ ճանապարհ եմ ընկնելու ռուս մարզական լրագրողների եւ մեկնաբանների հետ. НТВ Плюс-ի մեկնաբաններ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին եւ Ֆիլիպ Կուդրյավցեւը, Eurosport հեռուստաալիքի մեկնաբան Իգոր Կիտմանովը, Радио спорт-ի մեկնաբան Ռոման Շչերբան, Sportbox կայքի լրագրող Մաքսիմ Ալանազարովը, Ридус գործակալության լրագրող Մաքսիմ Կորոտկինը, նաեւ լրագրողներ Մաքսիմ Խորոշինը, Սեմյոն Վասիլեւը եւ Սամվել Առուստամյանը:

Ես ուրախ գնացի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ մեր հյուրերին դիմավորելուց հետո պետք է մեկնեինք Արցախ: Հյուրերը ժամանեցին բարձր տրամադրությամբ: Նրանց հատկապես ուրախացրին գները խանութներում: Ճանապարհի համար խմիչք գնելիս նրանք ապշել էին, թե ինչպես 500 ռուբլիով այդքան բան կարելի է գնել: Ճանապարհին ամեն տասը րոպեն մեկ ինձ հարցնում էին, թե որքան ժամանակ դեռ կա մինչեւ Արցախ հասնելը: Իսկ ես մտածում էի՝ դեռ չգիտեն՝ ինչ ճանապարհ է նրանց սպասում: Երեւանից Ստեփանակերտ ավտոմեքենայով կարելի է հասնել վեց ժամում, իսկ ավտոբուսով՝ մոտ ութ ժամում: Բայց մենք ութ ժամում չտեղավորվեցինք:  Ճանապարհին եղան Արարատի հետ լուսանկարներ, Նորավանք, հայկական խորոված: Ճանապարհին մտածում էի, թե որքան լավ կլինի գործընկերներիս հետ զրուցել աշխարհի առաջնության մասին, բայց իրականությունը այլ էր: Ամբողջ ճանապարհին ես լսում էի միայն վեճեր հետեւյալ թեմայով «Ի՞նչ թիմ է «Սպարտակը»: Հիշե՛ք, թե վերջին անգամ երբ եք ինչ-որ մի բանի հասել: Ո՞վ էլ խոսա, «Դինամոյի» երկրպագուն: Դուք անգամ ստադիոն չունեք: Ճիշտ է: Ահա, խոսեց «Լոկոմոտիվի» երկրպագուն: Կներեք քանի՞ երկրպագու ունի ձեր թիմը: Տղաներ, վերջացրե՛ք: ԲԿՄԱ, ԲԿՄԱ՝ ամենալավ թիմ ԲԿՄԱ: «Դինամոն» դա ուժ է եւ դա մեր ճիշտն է. «Դինամոն» լավագույն է Ռուսաստանում»:

Եվ այպես ամբողջ ճանապարհը: Մենք շատ ուշ տեղ հասանք՝ հոգնած, կիսաքնած եւ գնացինք քնելու: Ամբողջ գիշեր երազիս հայտնվում էին «Դինամոյի» երկրպագուները: Կարծես ես էլ էի երգում՝  ««Դինամոն» ամենից ուժղն է»: Բայց փառք Աստծո, լույսը բացվեց: Հաջորդ օրը էքսկուրսիոն օր էր: Մենք մեր գիդ Արթուր Գաբրիելյանի հետ մկենեցինք Շուշի: Այցելեցինք Ղազանչեցոց եկեղեցին: Տեսանք քաղաքի արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտը, ժենգյալով հաց կերանք:

Հետո մեկնեցինք Գանձասար: Ինձ թվում է, որ չկա աշխարհի երեսին այնպիսի մարդ, ում դուր չգա Գանձասար եկեղեցին: Վանք գյուզում, որտեղ գտնվում է Գանձասարը, տեղի բնակիչները խնդրում էին ռուս լրագրողներին գրել, թե որքան լավ մարդ է բարերար Լեւոն Հայրապետյանը եւ որքան բան է արել այդ գյուղի համար:

Հետո Նոբել Առուստամյանը խնդրեց ամբողջ թիմին մեկնել Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղ, որտեղից նրա պապիկն էր: Ասկերանում մեզ դիմավորեցին Նոբելի քեռի Միշան եւ եղբայր Վահագը, ում մինչ այդ նա երբեք չէր տեսել: Նրանք հրավիրեցին մեզ իրենց այգիները: Ավելորդ է նշել, որ Արցախում աճում են ամենից համեղ մրգերն ու հատապտուղները: Մենք մոտ մեկ ժամ զբաղված էինք այգին դատարկելով: Խրամորթ գյուղը գրեթե ամբողջովին ավիրված է: Այն գտնվում է Աղդամի մոտակայքում եւ պատերազմի ժամանակ անընդհատ գնդակոծվել է: Ինձ ասացին, որ Նոբելի պապը, ում անունը նա կրում է, Բաքվի ամենահարուստ մարդկանցից է եղել: Հայերի ջարդերի ժամանակ նա թողել է ահռելի հարստություն Բաքվում եւ հարյուր հազարավոր այլ հայերի հետ հեռացել:

Ես անկեղծ շատ էի հուզվել այդ տեսարանով: Նոբելը երբեւէ չէր տեսել իր բարեկամներին, բայց գիտեր, որ Ասկերանում հարազատներ ունի: Այն, որ մարդիկ հիշում են իրենց արմատները, պահում են բարեկամությունը այն փոքրիկ հրաշքներից է, որ դեռ մնացել է մարդկության մեջ:

Մենք վերադարձանք Ստեփանակերտ եւ Վահագը մեզ հրավիրեց քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը: Կարծում եմ՝ այդ երեկոն երկար կմնա ռուսների հիշողության մեջ: Որ հայերը հյուրասեր ազգ են, գիտեն բոլորը, բայց Ղարաբաղի հայերը գերազանցեցին բոլոր սպասելիքները: Ուտեստների շատությունից սեղանները հազիվ էին դիմանում՝ տարբեր տեսակի խորոված, տնական հավ, գառան խաշլամա, տոլմա, թոնրի կարտոֆիլ, տարբեր տեսակի աղցաններ եւ իհարկե թթի օղի: Ես գիտեի, որ ռուսների պես ոչ ոք չի կարողանում զվարճանալ, բայց որ այդպես, չէի պատկերացնի երբեք:

Տղաները ռեստորանի երգիչներից վերցնելով խոսափողը երգում էին, ուրախանում: Իսկ ես մտածում էի, թե ինչպես են առավոտ շուտ մեկնելու մրցաշարի: Չսպասելով նրանց՝ ես մեկնեցի հյուրանոց՝ հույսով, որ գոնե այդ գիշեր շուտ կքնեմ: Ուշ գիշերով պատուհանիս տակ սկսվեց «Առաջ «Դինամո»: Ամենուր, ամեն պահ հաղթանակ կտոնենք, դժվար պայքարում, քրտնաջան աշխատելով»:

Առավոտյան շուտ արթնանալ էր պետք եւ մեկնել Հադրութ: 1.5 ժամ տեւեց ճանապարհը: Հասանք երբ մրցաշարը սկսվել էր: Լրագրողների ՖԿՊԼ թիմը ընկավ ամենավերջին խմբում եւ պետք է հանդես գար վերջինը: Մի քանի ժամ սպասելուց հետո եկավ նրանց պահը: Տասնյակ երեխաներ հավաքվել էին՝ ռուս լրագրողների խաղը դիտելու: Այս հոդվածի հերոսներն առաջինը բացեցին խաղի հաշիվը, բայց հետո մեծ հաշվով պարտվեցին: Ես այդ տապից փրկվելու համար ցանկացա սեփական մաշկի վրա զգալ հադրութցիների հյուրասիրությունը եւ հետագա երկու ժամը անցկացրի բնակարաններից մեկում, որտեղ ինձ հյուրասիրեցին  ամենահամով ուտեստներն ու մրգերը: Երբ վերադարձա, իմացա, որ լրագրողները հաղթել են հաջորդ խաղում, բայց մոսկովյան մյուս թիմի՝ «Դիզակի» հետ դուրս են մնացել հետագա պայքարից: Մենք մեկնեցինք Հադրութ սպիտակ մաշկով, վերադարձանք՝ կարմիր: Բոլորը արեւահարվել էին, եւ նրանց սպասվում էր դաժան գիշեր: Երեկոյան Վահագը կրկին մեզ հրավիրեց ռեստորան՝ այս անգամ Ասկերանի լավագույներից մեկը: Արդեն նշված ուտեստներին ավելացել էին ճագարը, սունկը: Սեղանը դարձել էր ավելի ճոխ: Ռուսները վախեցած արդեն ասում էին, որ այլեւս չեն կարողանում նայել ուտելիքին:

Վերադարձանք Երեւան ուշ գիշերով: Տղաները ցանկանում էին մինչեւ Մոսկվա մեկնելը զբոսնել Երեւանում:

Երբ զբոսաշրջիկները այցելում են Արցախ, ես միշտ մտածում եմ ՝ ճանապարհը երկար է, երկիրը կիսապատերազմական վիճակում է, շրջափակման մեջ է: Ինչպե՞ս անել, որ նրանց դուր գա: Բայց Արցախի հիասքանչ բնությունը, հինավուրց եկեղեցիները եւ ամենից կարեւորը՝ հյուրասեր ու սրտացավ մարդիկ այնպես են անում, որ բոլորը սիրահարվեն այդ հողին: Գուցե անհամեստ հնչի, բայց ես վստահ եմ՝ Լեռնային Ղարաբաղը նրանց դուր եկավ:

Մինչ նոր հանդիպում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով