14:36  ,  10 հուլիսի, 2014

«Ուլիսի» գլխավոր մարզիչ. Շարունակում ենք մարզվել, իսկ վաղը կխաղանք «Արարատի» հետ

Հայաստանի 2011թ. չեմպիոն Երեւանի «Ուլիսը» չի մասնակցելու ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնությանը: Ակումբը մինչեւ սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիր չի ներկայացրել:

NEWS.am Sport-ի թղթակիցն այդ կապակցությամբ փորձեց բացատրություն ստանալ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանից.

«Ես թիմի գլխավոր մարզիչն եմ եւ հենց նոր վերադարձա հերթական մարզումից: Վաղը ստուգողական հանդիպում ունենք «Արարատի» հետ: Ես շարունակում եմ մարզել թիմը՝ կատարելով իմ աշխատանքը: Մնացած բոլոր հարցերը՝ կապված «Ուլիսի»՝ Բարձրագույն խմբից դուրս մնալու հետ ավելի ճիշտ կլինի ուղղել ակումբի ղեկավարությանը»,- ասաց Բարսեղյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը նաեւ ակումբի մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանից փորձեց ճշտել հավաստագիրը ժամանակին չներկայացնելու պատճառը եւ ակումբի հետագա ճակատագիրը:

«Խնդրում եմ այս պահին, որպես պաշտոնական հաղորդագրություն ընդունել ՀՖՖ-ի տարածած տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է հավաստագրերը ժամանակին չներկայացնելու պատճառին՝ այս պահին առանց մեկնաբանության»,- ասաց Գիլոյանը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում