02:45  ,  10 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Եզրափակիչում՝ Գերմանիա - Արգենտինա

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները: Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասան Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: Սան Պաուլուում կայացած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը եւ մտան պայքարի մեջ: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով ու դիտարժանությամբ: Խաղադաշտում ընթանում էր փակ ու հավասար ֆուտբոլ: Թիմերը գործում էին չափազանց զգույշ: Մի պահ արգենտինացիներն ավելի հաճախ էին գրոհում, սակայն իրական գոլային պահեր չստեղծեցին: Մեկնարկային 45 րոպեներին կարելի էր հիշել միայն Լիոնել Մեսիի իրացրած տուգանային հարվածը, որից հետո հոլանդացիների դարպասապահ Յասպեր Սիլեսենը հանգիստ վերցրեց գնդակը:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: Ժամանակն անցնում էր, իսկ թիմերը չէին կարողանում ստեղծել վտանգավոր պահեր: Երկրորդ խաղակեսի միջնամասում ավելի ակտիվ էին հոլանդացիները, բայց դա ոչինչ չտվեց Լուի վան Գալի թիմին: Վերջնամասում հոլանդացի Արյեն Ռոբենը կորցրեց երեկոյի ամենաիրական գոլային պահը, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ եւս դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Լրացուցիչ 30 րոպեներին թիմերն ավելի շատ էին մտածում գրոհելու մասին, սակայն ապարդյուն: 115-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Պալասիոն կարող էր հաղթանակ պարգեւել արգենտինացիներին, բայց չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային պահ: Արդյունքում՝ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որի ժամանակ ավելի պիպուկ էին հարավամերիկացիները: Ի տարբերություն կոստառիկացիների դեմ խաղին, Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 11 մետրանոց հարվածաշարից առաջ խաղադաշտ դուրս չբերեց անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլին, իսկ Յասպեր Սիլեսենը հաջողություն չբերեց հոլանդացիներին: Արգենտինացիներից դիպուկ էին բոլորը՝ Լիոնել Մեսին, Էզեկյել Գարայը, Սերխիո Ագուերոն ու Մաքսի Ռոդրիգեսը: Հոլանդացիներից վրիպեցին Ռոն Վլաարը եւ Ուեսլի Սնեյդերը, իսկ Դիրկ Կայտն ու Արյեն Ռոբենը անվրեպ իրացրին 11 մետրանոցը:

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Հուլիսի 12-ին բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչ

ՀոլանդիաԱրգենտինա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 2:4)

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի (Դարիլ Յանմատ, 46), Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ (Յորդի Կլասի, 62), Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ուեսլի Սենյդեր, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Կլաս-Յան Հունտելար, 96):

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պորես (Ռոդրիգո Պալասիո, 81), Էզեկյել Լավեսի (Մաքսի Ռոդրիգես, 101), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Սերխիո Ագուերո, 82):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով