20:21  ,  9 հուլիսի, 2014

Ուլի Հեսե. Գերմանիայի գոլերից հետո Բեռլինում ամենուր ճայտրուկներ էին

Երբ Գերմանիան խփեց առաջին գնդակը, բոլորը վազեցին ճայտրուկներ գնելու: Դա իսկապես անիրական էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայի ամենահայտնի լրագրողներից Ուլի Հեսեն, ով համագործակցում է գերմանական առաջատար մարզական կայքերի հետ, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Պարոն Հեսե, ինչպե՞ս Գերմանիան տոնեց այս փառահեղ հաղթանակը բրազիլացիների նկատմամբ:

Ես այժմ Բեռլինում եմ, քանի որ աշխատում եմ այստեղի ամսագրի համար: Գիշերը, երբ Գերմանիան խփեց առաջին գնդակը, բոլորը վազեցին ճայտրուկներ գնելու: Դա իսկապես անիրական էր: Առաջին երեք-չորս գոլերից հետո դրսում ահավոր աղմուկ էր, ինչը հետո գնալով պակասեց, քանի որ մարդկանց մեծ մասը գնել էր առավելագույնը չորս ճայտրուկ: Ոչ ոք չէր ակնկալում յոթ գնդակ: Իմ ընկեր Ստեֆանոն այսօր տեղադրել է նկար, որտեղ ամբողջությամբ մերկ տղամարդը պարում է Բեռլինում եւ երգում՝ մենք կնվաճենք աշխարհի գավաթը:

Իսկ ի՞նչ կասեք գերմանական գարեջրի մասին: Կատակում էին, թե այս գիշեր այն կվերջանա:

Գիտեք, երեկ տարօրինակ բան կատարվեց: Դրսում ավելի քիչ մարդ էր հավաքվել, քան նախորդ օրերին: 11 Freunde ամսագիրը, որտեղ ես աշխատում եմ, ունի իր հասարակական վայրը, ուր հեռարձակում ենք ֆուտբոլային խաղեր: Երբ խաղում է Գերմանիան, այնտեղ հավաքվում է մոտ 3000 մարդ, իսկ երեկ եկել էին մոտ 1500 երկրպագուներ: Պատճառն այն է, որ երեկ Գերմանիայում սարսափելի ամպրոպ էր: Եղանակի տեսությունից հայտնել էին, որ սպասվում է ուժեղ անձրեւ ու քամի: Այդ պատճառով շատ մարդիկ մնացին իրենց տներում, երբ իրականում նրանք պետք է լինեին քաղաքի մեծ էկրանների մոտ հավաքված:

Եզրափակիչում ո՞ւմ եք ցանկանում տեսնել Գերմանիային մրցակից: Հոլանդիայի՞ն, թե՞ Արգենտինային:

Ես կանխատեսել էի Արգենտինայի չեմպիոնություն, բայց, իհարկե, Գերմանիա - Հոլանդիա եզրափակիչը ֆանտաստիկ կլինի:

Արգենտինայի չեմպիոնությունը կանխատեսել էիք մինչեւ մրցաշարի մեկնարկը, թե ավելի ուշ:

Ես դա ասել էի մինչեւ խաղերի մեկնարկը:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ Գերմանիան չկարողացավ այսպես խաղալ Ֆրանսիայի, Ալժիրի եւ Գանայի դեմ: Գուցե սա Բրազիլիայի սխալն էր:

Մենք Ֆրանսիայի հետ խաղում 13-րդ րոպեին հաշիվը բացեցինք անկյունայինի խաղարկման արդյունքում: Բրազիլիայի դեմ խաղում նույնը արեցինք 11-րդ րոպեին, սակայն ֆրանսիացիները բաց թողած գնդակից հետո «չկոտրվեցին» բրազիլացիների պես: Բացի այդ, սպասումները, հոգեբանական լարվածությունը եւ ճնշումը, որը երեկ կար բրազիլացիների վրա, հունից հանեց նրանց:

Եթե Գերմանիան չորրորդ անգամ դառնա աշխարհի չեմպիոն, երկրում կլինի՞ այն մեծ ուրախությունն ու խինդը, որը կա Բրազիլիայում նվաճումներից հետո, թե՞ գերմանացիներն ավելի զուսպ են:

Մենք ավելի զուսպ ենք, բայց ԱԱ-2006-ի ժամանակ շատ գերմանացիներ մեծ երեկույթների էին վերածում ֆուտբոլային խաղերը: Անպես որ դուք կարող եք սպասել խելահեղ տոնակատարության, եթե, իհարկե, թիմը հաղթի:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով