18:11  ,  9 հուլիսի, 2014

Դավիթ Թորոսյան. Լուրջ ենք մոտենում բոլոր մրցաշարերին (ֆոտո)

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հուլիսի 4-ից  թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 24 բռնցքամարտիկներ, որոնցից 4-ը աղջիկներ են:

Ծաղկաձորյան հավաքի հիմնական նպատակը ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է: Մարզիկներն անցկացնում են օրական երկու մարզում:

Հավաքի ընթացքին անձամբ հետեւում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ընդգծեց, որ հավաքն անցնում է ծրագրվածի պես:

«Ճիշտ է, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն չի լինելու, սակայն մենք ունենք միջազգային մրցաշարեր, որոնց մեր տղաները կմասնակցեն: Այդ մրցաշարերի ընթացքում կձեւավորվի թիմը, որը կպայքարի Ռիո-2016-ի ուղեգրերի համար: Բռնցքամարտում միջազգային մրցաշարերը թույլ կամ ցածր մակարդակի չեն լինում: Մենք ամեն ինչին լուրջ ենք մոտենում:

Օրինակ՝ Սերբիայի ու Լեհաստանի միջազգային մրցաշարին մասնակցում էին աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ եւ մեր բռնցքամարտիներից ոմանք հաղթեցին նրանց: Մենք ավելի լուրջ ենք, քան կարծում են:

Ինչ վերաբերում է առաջին վեց ամսին, ապա կարծում եմ, որ գլխավոր մարզիչը երբեք չի կարող միանշանակ գոհ լինել, սակայն ասեմ, որ գոհունակության նշաններ կան: Կարծում եմ՝ այս հավաքներից եւ մրցաշարերից հետո կունենանք այն դրական արդյունքը, որը մենք ակնկալում ենք»,- ասաց Թորոսյանը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում