18:34  ,  11 հունիսի, 2014

Ալեքսանդր Թումասյան․ Արժանի չէինք 1։6 հաշվով պարտության

Կարծում եմ՝ մենք արժանի չէինք այդպիսի հաշվով պարտության, սակայն ինչպես ասում են՝ վատ փորձը նույնպես փորձ է: Մենք կվերլուծենք մեր սխալները եւ մյուս անգամ ավելի ուժեղ կլինենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինլանդիայի «Յարո» ակումբի 21-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, ով օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր Ալժիրի եւ Գերմանիայի թիմերի դեմ ընկերական խաղերին։

«Նորամուտս ազգային հավաքականում աննկարագրելի զգացողություն էր: Հավաքականում ինձ շատ դուր եկավ, շատ լավ կոլեկտիվ է: Մեկ հավաքը բավական էր՝ հասկանալու համար, որ ունենք բարձրակարգ մարզիչ, ով կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Ինձ դուր եկավ նրա մոտեցումը գործին: Նա ունի հաղթողի հոգեբանություն, որը ցանկանում է փոխանցել մեզ: Բոլոր մարզումները հետաքրքիր էին եւ օգտակար: ԱՄԷ-ի հետ խաղն առաջինն էր նրա գլխավորությամբ: Այդպիսի խաղերը միշտ դժվար են հոգեբանորեն: Ցանկանում ես արդարացել մարզիչի վստահությունը եւ որքան հնարավոր է լավ դրսեւորես քեզ: Դրանից էլ, երեւի, մի փոքր հուզմունք կար, այդ պատճառով բաց թողեցինք երեք գնդակ: Բայց նաեւ նշեմ, որ ԱՄԷ-ն տեխնիկապես լավ պատրաստված թիմ է: Նրանց հարձակվողներին դիմակայելն այնքան էլ հեշտ չէր:

Ինչ վերաբերում է Ալժիրին, ապա բոլորս գիտենք, որ այնտեղ խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ես չեմ կարող ասել, թե մեր հավաքականը կարգով ավելի թույլ է, պարզապես հենց ամենասկզբից խաղը մեր օգտին չէր: Բաց թողեցինք երկու արագ գոլ, որից հետո այնքան էլ հեշտ չէր հավաքվել եւ խաղալ ուժեղ թիմի դեմ, որն արդեն առաջ էր անցել հաշվի մեջ։ Հետո առաջին խաղակեսում բաց թողեցինք եւս մեկ գնդակ: Ընդմիջումից հետո կարողացանք փոխել խաղի ընթացքը եւ խփել մեկ գոլ: Մեր գրոհները վտանգավոր էին եւ ստեղծեցինք մի քանի լավ պահեր, բայց սա ֆուտբոլ է, եւ այդ օրը հաջողությունը ժպտաց Ալժիրին: Բացի այդ, Արասի վնասվածքը զրկեց մեզ թիմի առաջատարներից մեկից: Նրան մաղթում եմ արագ ապաքինում:

Գերմանիայի դեմ խաղում, իհարկե, գրանցվեց ցավալի ադյունք: Շատ էինք ցանկանում ուրախացնել մեր ֆանատներին, ովքեր այդպես երկրպագում էին մեզ: Կարծում եմ՝ մենք արժանի չէինք այդպիսի հաշվով պարտության, սակայն ինչպես ասում են՝ վատ փորձը նույնպես փորձ է: Մենք կվերլուծենք մեր սխալները եւ հաջորդ անգամ ավելի ուժեղ կլինենք: Գերմանիայի թիմը ֆիզկապես շատ ուժեղ էր: Այնտեղ են խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից շատերը՝ ինչպես հիմնական, այնպես էլ՝ փոխարինողների կազմում: Մենք պետք է աշխատենք սխալների վրա եւ հաջորդ անգամ ավելի լավ պաշտպանենք մեր դարպասը: Չեմ սիրում, երբ ասում են, թե բաց թողած գնդակներում մեղավոր են պաշտպանները: Դաշտում խաղում եւ պաշտպանվում են 11 ֆուտբոլիստներ, իսկ բաց թողած գոլը ամբողջ թիմի մեղքն է»,- զրույցում հայտնեց Թումասյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով