22:22  ,  24 ապրիլի, 2014

Արթուր Գեւորգյան. Ես հավատում էի եւ գիտեի, որ Անուշ Գրիգորյանը կդառնա աշխարհի չեմպիոն

Բռնցքամարտիկ աղջիկը պետք է աշխարհի չեմպիոն լինի: Անուշ Գրիգորյանը պետք է աշխարհի չեմպիոն լիներ, այդ մասին ես ասել էի դեռ Երեւանում: Ես հավատում էի եւ գիտեի, որ Անուշ Գրիգորյանը կդառնա աշխարհի չեմպիոն, այդ պատճառով այստեղ եմ` Սոֆիայում, մեր մարզիկների կողքին, որպեսզի բոլորով նշենք այս ուրախությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սոֆիայից ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, ով այս օրերին բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հանդես եկող հայ մարզիկների ելույթներին հետեւում էր մրցավայրում:

Նշենք, որ Բուլղարիայի մայրաքաղաքում հայ բռնցքամարտիկներին եւ բռնցքամարտի ֆեդերացիայի պատվիրակությանը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 24-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Պարոն Գեւորգյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է հաղթանակի կապակցությամբ: Նաեւ բրոնզե մեդալ: Ինչպե՞ս կգնահատեք հայ մարզիկների մրցելույթն աշխարհի առաջնության ռինգում:

Շնորհակալություն, ես էլ Ձեզ եմ շնորհավորում, սա բոլորիս հաղթանակն է: Իսկապես, շատ ուրախ եմ: Շատ բարձր եմ գնահատում մեր մարզիկների ելույթները, մասնավորապես աղջիկների: Մենք ունենք աշխարհի չեմպիոն եւ դա մեծ հաղթանակ է բոլորիս համար: Սա հայկական բնռցքամարտում վերջին տասը տարիների ամենամեծ ձեռքբերումն է բռնցքամարտում, այն էլ կանանց եւ նման հաջողություն մարզասերները չէին տեսել վերջին տարիներին: Այնպես որ, մենք առաջատարն ենք տարածաշրջանում: Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը եւ մյուս երկրները, ոչ ոք մեզ նույնիսկ մոտ չեն արդյունքներով:

Դուք նոր եք բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Սպասո՞ւմ էիք նման հաջողության պաշտոնավարության հենց մեկնարկում:

Սա իմ առաջին աշխարհի չեմպիոնը չէ, սա մեր բոլորիս չեմպիոնական տիտղոսն է: Հոգու եւ ցանկության մեջ, նույնիսկ համարձակության դեպքում մեր հավաքական թիմին ոչ ոք չի կարող հաղթել: Մնացած ամեն ինչ ժամանակի հարց է: Անուշ Գրիգորյանի հաղթանակը մի քանի ամսվա հաղթանակ է:

Սպասո՞ւմ էիք այս հաղթանակին, այդ պատճառո՞վ էիք մեկնել Բոլւղարիա, թե՞ պարզապես ժամանել էիք այդտեղ մարզիկներին գոտեպնդելու:

Սպասում էի այս հաղթանակին: Հավատում էի: Գիտեի: Հավաքականի յուրաքանչյուր մարզիկ եթե հաջողություն ունենար, դա ինձ համար անակնկալ չէր լինի, քանի որ ես բոլորից էլ ակնկալիքներ ունեի: Բայց ումից ակնկալում էի ամենաբարձր արդյունքը, նրանք հասան հաջողության:

Ձեզ համար անակնկա՞լ էր Անուշ Գրիգորյանի այս հաղթանակը:

Աղջիկը պետք է չեմպիոն լինի. Այդ մասին ես դեռ Երեւանում եմ ասել: Իսկ Անուշին չեմպիոնական տիտղոսով պատկերացնում էի եւ վստահ էի, որ նա կկարողանա հաղթահարել այս ստուգատեսը եւ ուրախացնել բոլորիս: Ի դեպ, Անուշը այս առաջնությունում պարտության մատնեց երկու աշխարհի չեմպիոնների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս