20:40  ,  24 ապրիլի, 2014

Բեկենբաուեր. «Ռեալը» գերազանցեց «Բավարիային» բոլոր առումներով՝ բացի գնդակին տիրելուց

Գվարդիոլայի թիմը «Ռեալի» դեմ ցուցադրեց սպասելի խաղ. մյունխենցիները երկար էին պահում գնդակը, սակայն վտանգավոր պահեր չէին ստեղծում, ասել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը՝ խոսելով Մադրիդի «Ռեալ» եւ «Բավարիայի» միջեւ հանդիպման մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Չենք կարող հաղթել գնդակին տիրելու շնորհիվ, եթե մրցակիցը պահեր է ստեղծում։ Պետք է ուրախ լինել, որ «Ռեալն» ընդամենը մեկ գոլ խփեց։ Նրանք ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեցին, քան «Բավարիան», որն ավելի շատ էր տիրում գնդակին։

Գվարդիոլայի թիմի խաղը դինամիկ չէր, քանի որ ֆուտբոլիստները բավականաչափ ճնշում չէին գործադրում։ Դա զարմացրեց «Ռեալին», որը կարողանում էր փոխել խաղի տեմպը։ Արքայական ակումբն անցկացրեց լավագույն հանդիպումներից մեկը, որը տեսել եմ. նրանք հիանալի էին գործում մարտավարության տեսանկյունից։ Արժանի հաղթանակ էր, սակայն դեռ ունենք պատասխան հանդիպում։ Բարդ կլինի եզրափակիչ դուրս գալը, սակայն անհնարին ոչինչ չկա»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել է նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում