12:50  ,  24 ապրիլի, 2014

«Ռեալի» ֆուտբոլիստները՝ «Բավարիայի» նկատմամբ հաղթանակի մասին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակը:

Կրիշտիանու Ռոնալդու. «Խաղից առաջ անհանգստանում էի, քանի որ երկար ժամանակ բացակայում էի խաղադաշտից: Շատերը չէին ցանկանում, որ ես խաղայի այսօր: Ինձ ոչ ոք չէր ստիպել դուրս գալ խաղադաշտ: Լավ էի զգում ինձ: Երջանիկ ենք հաղթանակի կապակցությամբ»:

Իկեր Կասիլյաս. «Արդյունքից գոհ ենք, սակայն հասկանում ենք, որ դա վերջնական հաջողության երաշխիքներ չի տալիս մեզ: Նույնիսկ մտածել չի կարելի, որ «Ռեալն» արդեն եզրափակիչում է: Մյունխենում սպասվում է շատ բարդ հանդիպում, որին պետք է պատրաստ լինենք: Միանշանակ, հեշտ չի լինելու այնտեղ»:

Սերխիո Ռամոս. «Արտակարգ խաղ էր, բայց շատ ծանր: Մրցակիցը սարսափելի ճնշում էր գործադրում մեր վրա: «Բավարիան» շատ է սիրում վերահսկել գնդակը: Մեզ մնում էր միայն պրեսինգի դիմել, որպեսզի գնդակը տեղափոխեինք մրցակցի կիսադաշտ: 1:0 հաշիվը քիչ է արտագնա խաղից առաջ: Կշարունակենք ուսումնասիրել մրցակցին, քանի որ մեր նպատակը եզրափակիչն է»:

Քարիմ Բենզեմա. «Շատ էինք ցանկանում հաղթել: Թիմը հասավ լավ արդյունքի: Բացի այդ, ցուցադրեցինք բարձր կարգի ֆուտբոլ, ինչը նույնպես ուրախացնում է: «Բավարիան» շատ էր լինում գնդակով, սակայն լավ չէր գործում առջեւի գծում: Պետք է շարունակենք աշխատանքը, որպեսզի դուրս գանք եզրափակիչ»:

Իսկո. «Կատարեցինք մեծ աշխատանք: Տնային խաղում կարեւոր էր հաղթել եւ գոլ բաց չթողնել: Հասկանում ենք, որ պատասխան խաղում հեշտ չի լինելու: Ոչ ոք մեզ եզրափակիչի ուղեգիր չի նվիրի առանց պայքարի: Մյունխենում դրական արդյունքի հասնելու համար պետք է խփել արագ գոլ»,- փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Քարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ Արքայական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով: «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում