00:36  ,  24 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց «Բավարիային»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով առավելության հասավ մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Մադրիդում կայացած խաղի հենց մեկնարկից «Բավարիան» վերահսկում էր գնդակը, սակայն չէր կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ: Երկրորդ համարով խաղացող «Ռեալն» առաջին գոլային պահն ունեցավ 19-րդ րոպեին, երբ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի հիանալի փոխանցումից հետո բացեց հաշիվը: Այդ գոլից հետո էլ պատկերը չփոխվեց: Մյունխենցիներն ունեին հսկայանա տարածքային առավելություն, բայց դա ոչինչ չէր տալիս Խոսեպ Գվարդիոլայի թիմին: Առաջին խաղակեսում Արքայական ակումբը կարող էր նաեւ կրկնապատկել հաշիվը, եթե հարմար դիրքից չվրիպեր Կրիշտիանու Ռոնալդուն: Մեկնարկային 45 րոպեներին մյունխենցիներն իրացրին 9 անկյունային հարված, իսկ մադրիդցիները՝ 1: 

Ընդմիջումից հետո «Ռեալը» կենտրոնացած էր հաղթական հաշիվը պահպանելու վրա եւ չէր գրոհում մեծ ուժերով, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմի՝ հաշիվը հավասարեցնելու բոլոր փորձերն ապարդյուն էին: «Բավարիայի» ամենաիրական գոլային պահը 84-րդ րոպեին ունեցավ փոխարինման դուրս եկած Մարիո Գյոտցեն, ում հարվածից հետո Իկեր Կասիլյասը փրկեց դաշտի տերերին:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ռեալ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

Քարիմ Բենզեմա, 19

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե (Ռաֆայել վարան, 73), Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Իսկո (Ասյեր Իլյարամենդի, 81), Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու (Գարեթ Բեյլ, 73), Քարիմ Բենզեմա։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա (Խավի Մարտինես, 66), Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոս, Բաստիան Շվայնշտայգեր (Թոմաս Մյուլեր, 74), Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Մարիո Գյոտցե, 72), Մարիո Մանջուկիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում