13:25  ,  23 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բավարիա». Տիտանների բախում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ապրիլի 23-ին կհանդիպեն մրցաշարի ֆավորիտ, գործող գավաթակիր «Բավարիան» եւ մյուս ֆավորիտ Մադրիդի «Ռեալը»: Ի տարբերություն «Աթլետիկո» – «Չելսի» խաղի, այս զույգից սպասում են դիտարժան եւ արդյունավետ ֆուտբոլ:

Բուքմեյքերները թիմերի հնարավորությունները հավասար են գնահատում: «Ռեալն»  Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո հոգեբանորեն լավ վիճակում է: Նրանք դեռ շարունակում են պայքարել Իսպանիայի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար, քանի որ «Աթլետիկոյին» դեռ երկու ծանր խաղ է սպասվում:

«Բավարիան», չնայած վերջին մի քանի պարտություններին, որոնք ոչ մի նշանակություն չունեին մյունխենցիների համար, նույնպես շարունակում է պայքարը երկու ճակատներում: Դառնալով Գերմանիայի չեմպիոն, նրանք դուրս եկան գավաթի եզրափակիչ, որտեղ կխաղան «Բորուսիայի» հետ:

«Բավարիան» այս տարի հիանալի մրցաշրջան է անցկացնում` ժամանակից շուտ դառնալով Գերմանիայի չեմպիոն, որը ռեկորդ է: Բացի այդ «Բավարիան» այս տարի Չեմպիոնների լիգայի մրցաշարում պարտվել է միայն մեկ անգամ՝ «Մանչեսթեր Սիթիին»: Այդ խաղը ոչ մի մրցաշարային նշանակություն չուներ գերմանացիների համար:

Կազմեր

«Ռեալի» համար կարեւորագույն փաստը Ռոնալդուի ապաքինումն է: Պորտուգալացին բաց թողեց Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որ այս խաղին լիովին պատրաստ լինի: Մարսելոն նույնպես ապաքինվել է վնասվածքից, բայց դժվար թե, նա այս պատասխանատու խաղում դուրս գա խաղադաշտ:

Հավանական կազմ. Կասիլյան, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Կոենտրաու, Ալոնսո, Մոդրիչ, Դի Մարիյա, Բեյլ, Բենեզեմա, Ռոնալդու

«Բավարիայի» կազմում չեն խաղա Ալկանտարան, Շաքիրին եւ Ստարկը: Հնարավոր է՝ չլինեն Մյուլերն ու Ալաբան: Հաշվի առնելով «Բավարիայի» հզոր պահեստայինների նստարանը՝ այս բացակայությունները տխրելու առիթ չեն լինի:

Հավանական կազմ. Նոյեր, Ալաբա, Դանտե, Բոատենգ, Լամ, Կրոս, Գյոտցե, Շվայնշտայգեր, Ռոբեն, Ռիբերի, Մանջուկիչ

Մարզիչներ

Կարլո Անչելոտին գիտի, որ իրենից սպասում են Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Նրանից առաջ այլ մարզիչների հաջողվել է նվաճել Իսպանիայի գավաթն ու դառնալ չեմպիոն, բայց այդ մարզիչները երկար չեն մնացել Մադրիդում: Նախախաղային ասուլիսին Անչելոտին «Բավարիային» համեմատեց «Բարսելոնայի» հետ՝ ասելով, որ թիմերը նման խաղաոճ ունեն: Նրանք հաղթեցին «Բարսելոնային» եւ նույն  ոճով պատրաստվում են խաղալ «Բավարիայի» դեմ:

Գվարդիոլային շատերը մեղադրում են Յուպ Հայնկեսի ստեղծած արագ հարձակողական ոճով խաղացող «Բավարիային»  «Բարսելոնային» հատուկ տիկի-տակա ոճը սովորեցնելու մեջ: «Բավարիան» կարծես առաջվա մեքենան չէ` խաղում է ավելի ռոմանտիկ ֆուտբոլ: Բայց պետք է ընդունել, որ թիմը արդյունավետ է խաղում, իսկ Գվարդիոլան ռեկորդներ է սահմանում: Գվարդիոլան շատ լավ է ճանաչում «Ռեալը»: Նրա օրոք «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» 5:0 եւ 6:2 հաշիվներով: Բայց խաղից առաջ Պեպը ինչպես միշտ զուսպ եւ կոռեկտ արտահայտվեց՝ ասելով, որ հարգում է «Ռեալին»:

Վիճակագրություն

«Ռեալը» շատ վատ է հանդես գալիս գերմանական թիմերի դեմ, հատկապես Գերմանիայում: Այս երկու ակումբները հանդիպել են 14 անգամ: 8 անգամ հաղթել են գերմանացիները, 5 անգամ՝ իսպանացիները եւ մեկ խաղ ավարտվել է ոչ ոքի: «Բավարիան» խփել է 23 գնդակ, «Ռեալը»՝ 19:

Վերջին տարիներին այս թիմերը հաճախ են հանդիպել փլեյ-օֆֆում: Վերջին անգամ երկու տարի առաջ կիսաեզրափակիչում, երբ դիմակայության  ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոցներով:

Անչելոտին եւ Գվարդիոլան երբեք չեն խաղացել միմյանց դեմ: Անչելոտին երբեք չի պարտվել «Բավարիային»: 6 խաղում տարել է 4 հաղթանակ եւ 2 ոչ ոքի: Գվարդիոլան պարտվել է «Ռեալին» միայն երկու անգան: 9 անգամ հաղթել է եւ 4 խաղ ավարտվել է ոչ ոքի: «Ռեալը» «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղերում հանդիպել է հինգ անգամ եւ չորս անգամ դուրս է մնացել պայքարից:

Խաղը սպասարկելու է անգլիացի Հովարդ Ուեբը, ով այս զույգի մրցավարն էր երկու տարի առաջ  կիսաեզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում