00:43  ,  23 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. Զրոներ Մադրիդում

Մադրիդի «Աթլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին» խաղաղությամբ բաժանվեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում: Մադրիդում գրանցվեց 0:0 հաշիվը:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Սկզբնամասում վնասվածք ստացավ «Չելսիի» չեխ դարպասապահ Պետեր Չեխը, ով չկարողացավ շարունակել խաղը: Մեկնարկային 45 րոպեներին մադրիդցիներն ունեին խաղային եւ տարածքային առավելություն ու ավելի ակտիվ էին առջեւի գծում, իսկ անգլիացիները պատասխանում էին հազվադեպ հակագրոհներով: 

Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարը չէր դադարում ուղիներ փնտրել դեպի Ժոզե Մոուրինյոյի թիմի դարպասը, իսկ հյուրերը հազվադեպ էին մոտենում Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասին: Դիեգո Սիմեոնեի թիմի ճնշումն աստիճանաբար մեծանում էր, բայց «Չելսին» աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ եւ կարողացավ անառիկ պահել դարպասը:

«Աթլետիկոյի» ավագ Կոկեն ու «Չելսիի» կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդը եւ Ջոն Օբի Միկելը ստացան հերթական դեղին քարտերը եւ չեն մասնակցի պատասխան խաղին, որը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես (Խոսե Սոսա, 79), Կոկե, Գաբի, Դիեգո (Արդա Թուրան, 60), Ռաուլ Գարսիա (Դավիդ Վիլյա, 86), Դիեգո Կոստա: 

«Չելսի». Պետեր Չեխ (Մարկ Շվարցեր, 18), Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի (Անդրե Շյուրլե, 73), Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան (Դեմբա Բա, 90+3), Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում