18:09  ,  21 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ կանի Դեւիդ Մոյեսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը որոշել է հեռացնել պաշտոնից թիմի շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին, գրում է The Telegraph-ը: Եթե արդեն այս շաբաթ Մոյեսը հեռացվի, ապա նրան կփոպարինի 40-ամյա Ռայան Գիգզը, որը դեռ չի հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 35-րդ տուրում «Էվերտոնից» կրած պարտությունը ստիպել է Գլեյզերներին այդպիսի որոշում ընդունել եւ երկրորդ շանս չտալ մասնագետին հաջորդ մրցաշրջանում:

2013-ին Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինած Դեւիդ Մոյեսի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունը: Ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդը» տանուլ է տվել 11 հանդիպում եւ այժմ 7-րդ տեղում է:

Մոյեսին փոխարինելու հավանական թեկնածուներ են Յուրգեն Կլոպը («Բորուսիա Դ.»), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո Մ.»), Լորան Բլանը (ՊՍԺ) եւ Լուի վան Գալը (Հոլանդիայի հավաքական): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում