19:20  ,  20 ապրիլի, 2014

Օլեգ Ռոմանցեւ. «Սպարտակի» այժմյան կազմն արժանի չէ չեմպիոնության

Եթե այժմ հեռացնենք թիմի խորհրդանիշը, ոչ ոք չի ճանաչի «Սպարտակին», ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը։ «Ռուբին» - «Սպարտակ» (2:1) Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո ռուս մասնագետը քննադատել է մոսկովյան ակումբի աշխատաոճը:

«Սպարտակը» կորցրել է այն խաղը, որը միշտ անվանում էին սպարտակյան: Ռուսաստանի առաջին առաջնություններում «Սպարտակը» ճանաչելի էր ցանկացած մարզաշապիկով: Եթե այժմ հեռացնենք թիմի խորհրդանիշը, ոչ ոք չի ճանաչի «Սպարտակին»: Անհաջողությունների պատճառը պետք է փնտրել թիմի համալրումներում: «Սպարտակի» այժմյան կազմն արժանի չէ չեմպիոնության: Իսկական չեմպիոնական թիմ կառուցելու համար մարզիչին պետք է տալ 3 մրցաշրջան ժամանակ: Ընդ որում՝ հենց մարզիչը պետք է պատասխան տա բոլոր հարցերին՝ կապված համալրումների, մարզումային ծրագրի եւ տակտիկայի հետ: Վերջին տարիներին թիմը մարզում է այլ մարզիչ, իսկ ֆուտբոլիստների հրավիրում է այլ մարդ: Այդպիսի մոտեցմամբ հաջողության սպասելն անիմաստ է»,-  Ռոմանցեւի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ «Ռուբինից» կրած պարտությունից հետո «Սպարտակը» մաթեմատիկորեն զրկվեց Ռուսաստանի չեմպիոն դառնալու հնարավորությունից: Նախորդ անգամ մոսկովյան ակումբը Ռուսաստանի չեմպիոն դարձել էր 2001-ին, երբ թիմը գլխավորում էր Օլեգ Ռոմանցեւը: Վերջերս Ռոմանցեւը «Սպարտակ» վերադառնալու պատրաստակամություն էր հայտնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում