Իմ խորագույն համոզմամբ աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ բացահայտվեն աշխարհի բոլոր գաղտնիքները: Իսկ այդ գաղտնիքներից մեկը հենց շախմատի ֆենոմենն է: Այդ մասին «Շախմատային Հայաստանի» թղթակից Ժաննա Պողոսյանի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
«Ճիշտ է` շախմատը հնդկական խաղ է, իր մեջ հայկական արմատներ չունի, բայց այն մոտ է հայ ժողովրդի ազգային նկարագրին հեռանկար տեսնելու հատկության շնորհիվ: Շախմատի գլխավոր բաղադրիչը մի քանի քայլ առաջ մտածելն է, եւ հայ ժողովրդի ստեղծագործական քանքարը մշտապես կառուցված է եղել հեռանկար տեսնելու ունակության վրա:
Ես շատ փոքր հասակից եմ հետաքրքրվել շախմատով: Իսկ քայլերը սովորել եմ ինքնուրույն, քանի որ մեր կյանքի բոլոր կարեւոր գործերը մենք մենակ ենք անում:
Շախմատն ինձ տվել է մեծագույն գիտակցում, որ ես դրանով չպիտի զբաղվեմ, այլ պետք է հիանամ: Հիանամ այնպես, ինչպես մենք հիանում ենք աշխարհի բարձրագույն նվաճումներով: Եվ երաժշտության, եւ շախմատի մեջ կա հետեւյալը. մարդ կա, որ պետք է արարի, մարդ կա, պետք է կիրառի, իսկ մարդ էլ կա, որ պետք է կողքից նայի: Երաժշտության դեպքում ես արարողն եմ, իսկ շախմատի` կողքից նայողը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը:
Ֆոտո՝ NEWS.am
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում