01:21  ,  17 ապրիլի, 2014

«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»՝ դառնալով Իսպանիայի գավաթակիր

Մադրիդի «Ռեալը» 19-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթը:

Եզրափակիչում Արքայական ակումբն առանց Կրիշտիանու Ռոնալդուի 2:1 հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնային», որին 2 անգամ պարտվել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Վալենսիայի «Մեսթալիա» ստադիոնում կայացած «Էլ Կլասիկոյի» առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ մադրիդցիների հակագրոհները ստացվում են շատ վտանգավոր: Հենց հակագրոհներից մեկի արդյունքում արգենտինացի Անխել Դի Մարիան առաջ մղեց «Ռեալին»:

Ընդմիջումից հետո պատկերը նույնն էր: «Բարսելոնայի» գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին, իսկ Կարլո Անչելոտիի թիմը պատասխանում էր հակագրոհներով: Այնուամենայնիվ 68-րդ րոպեին «Բարսելոնան» հավասարեցրեց հաշիվը: Անկյունային հարվածի արդյունքում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան, ում գոլը հաջողություն չբերեց «Բարսելոնային»: 85-րդ րոպեին ուելսցի Գարեթ Բեյլը խփեց «Ռեալի» երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի գավաթակիր էր դարձել Մադրիդի «Աթլետիկոն», որին «Ռեալը» պայքարից դուրս էր թողել կիսաեզրափակիչում: «Բարսելոնան» Իսպանիայի գավաթը նվաճել է ռեկորդային 26 անգամ:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2  

Մարկ Բարտրա, 68 – Անխել Դի Մարիա, 11, Գարեթ Բեյլ, 85

«Բարսելոնա». Խոսե Պինտո, Դանիել Ալվես, Խավիեր Մասկերանո, Մարկ Բարտրա (Ալեքսիս Սանչես, 86), Խորդի Ալբա (Ադրիանո, 46), Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Պեդրո, 60), Նեյմար, Լիոնել Մեսի։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Ֆաբիո Կոենտրաու, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա (Ասյեր Իլյարամենդի, 86), Իսկո (Կազեմիրո, 89), Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա (Ռաֆայել Վարան, 90)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում