16:10  ,  16 ապրիլի, 2014

Բեռնար Շալանդ. Ավելի լավ պատկերացում կազմեցի Հայաստանի հավաքականի թեկնածուների մասին

Ռուսաստան մեկնելու նպատակը բոլոր հնարավոր թեկնածուների խաղին տեղում հետեւելն էր, որովհետեւ մի բան է, երբ դիտում ես հանդիպումների տեսագրությունները, մեկ այլ բան, երբ ֆուտբոլիստին հետեւում ես խաղադաշտում։ Այդ մասին ՀՖՖ-ի կայքին տված հարզարույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ խոսելով Ռուսաստան կատարած իր այցի մասին։

«Դիտեցի Ռուսաստանի առաջնության մի շարք հանդիպումներ, տեսա բոլոր այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր ինձ հետաքրքրում էին, կարճ առանձնազրույցներ ունեցա նրանցից մի քանիսի հետ: Ինձ համար դա շատ կարեւոր էր, քանի որ կարողացա ավելի լավ պատկերացում կազմել հավաքականների թեկնածուների մասին:

Սա շարունակական աշխատանք է, մենք մշտապես հետեւելու ենք բոլոր թեկնածուներին, նրանց պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանանք ապագայում հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել: Բոլոր թեկնածուներից Հայաստանի հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Իսկ այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է շվեյցարացի մասնագետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում