09:52  ,  10 ապրիլի, 2014

Արթուր Մինոսյան. Պրեմյեր լիգայում առաջին գոլս վստահություն կտա ինձ

Կարող եմ խաղալ թե՛ աջ եզրում, թե՛ ձախ, բայց ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական «Վոլգայի» 24-ամյա կիսապաշտպան Արթուր Մինոսյանը, ում ծառայություններով հետաքրքրված է ֆուտբոլի Հայաստանի հավաքականը:

Արթուր, պատմիր քո մասին: Ընտանիքդ որտեղի՞ց է, Հայաստանում եղե՞լ ես:

Ծնվել եւ ապրել եմ Նովոռոսիյսկում: Ցավոք, հայերեն չգիտեմ, բայց ցանկանում եմ սովորել: Արժե գնալ Հայաստան: Ասում են՝ Երեւանը գեղեցիկ քաղաք է:

Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր զբաղվել ֆուտբոլով:

Երբ 8 տարեկան էի, ծնողներս սկսեցին մտածել, թե ինչ մարզաձեւի տանեն ինձ: Հայրս սիրում էր ֆուտբոլ եւ ներկա էր լինում տեղի թիմի խաղերին: Այդպես որոշեց ինձ տանել ֆուտբոլի: Առաջին մարզիչս Ավետիս Վատուլյանին էր: Ֆուտբոլն առաջին օրից դուր եկավ ինձ եւ սկսեցի լրջորեն մարզվել:

Այս ձմռանը Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցից» տեղափոխվեցիր «Վոլգա»: Ի՞նչ տպավորություններ ունես Ռուսաստանի Պրեմյեր լիգայից:

Իմ տեղափոխության մեջ մեծ դեր խաղաց «Վոլգայի» մարզիչ Յուրի Կալիտվինցեւը: Շատ շնորհակալ եմ նրան ինձ վերցնելու համար: Շատ հաճելի էր խաղալ նման մասնագետի մոտ: Նրանից շատ բան սովորեցի: Պրեմյեր լիգայի ֆուտբոլը շատ բարձր մակարդակի վրա է: Աստիճանաբար փորձ եմ հավաքում: Ցանկանում եմ միավորներ վաստակել թիմի հետ եւ խփել առաջին գոլը «Վոլգայի» կազմում, որպեսզի սեփական ուժերիս նկատմամբ վստահությունն ավելանա:

Այժմ «Վոլգան» պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ինչպե՞ս ես գնահատում թիմի հնարավորությունները:

Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում: Այս պահին ամեն բան կախված է միայն մեզանից: Ես հավատում եմ մեր թիմին, որ կարող ենք բնավորություն ցույց տալ եւ բոլոր ուժերը ներդնել Պրեմյեր լիգայում մնալու համար:

Ի՞նչ կասես թիմակցիդ՝ Արթուր Սարկիոսվի մասին:

Արթուրի հետ ընկերակական հարաբերություններ ունենք: Հավաքներին եւ արտագա խաղերի ժամանակ միշտ միասին ենք: Արթուրը լավ հարձակվող է՝ լավ արագությամբ եւ գոլային հոտառությամբ:  

Հունիսին գործող պայմանագիրդ ավարտվում է «Վոլգայի» հետ: Այդ կապակցությամբ նորություններ կա՞ն:

Առայժմ չեմ մտածում այդ մասին, կարեւորը, որ «Վոլգան» պահպանի տեղը Պրեմյեր լիգայում:

Ո՞ր խաղային դիրքում ես ավելի լավ զգում քեզ: Գիտեմ, որ կարող ես խաղալ թե՛ խաղադաշտի կենտրոնում, թե՛ եզրերում:

Կարող եմ խաղալ թե՛ աջ եզրում, թե՛ ձախ, բայց ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում: 

Ինչպիսի՞ ֆուտբոլային նախասիրություններ ունես: Ո՞ր թիմին ես համակրում, ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Սիրում «Բարսելոնան» եւ «Արսենալը»: Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են Պելեն, Մեսին ու Զիդանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Մինոսյանի գործակալ Ռոման Օլեշուկը հաստատեց, որ ֆուտբոլիստին զանգահարել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, բայց առայժմ վաղ է խոսել այդ մասին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով