14:45  ,  9 ապրիլի, 2014

Աղասի Աղասյան. Ուրախացնելու հերթն իմն է

Այսօր կփորձեմ մեդալով ուրախացնել մեր ազգին, եթե ունենամ այդ հնարավորությունը: Մարզավիճակս թույլ է տալիս դա: Մեր հավաքականը բավական ուժեղ է եւ ինչպես արդեն խոստացել էինք, մեդալներ լինելու էին: Այսօր կփորձեմ այդ խոստումը կատարել ինքս:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի 2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանը, ով ապրիլի 9-ին ուժերը կփորձի Թել Ավիվում ընթացող Եվրոպայի առաջնության 85 կգ քաշային կարգում: Իսրայելում Հայաստանն արդեն նվաճել է 2 մեդալ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Աղասի, այսօր դուրս ես գալու մրցահարթակ: Ինչպե՞ս ես տրամադրված եւ ինչպիսի՞ն են ակնկալիքները:

Տրամադրված եմ լավ, նույնիսկ՝ շատ լավ: Սա Եվրոպայի առաջնությունն է եւ իրավունք չունենք մատների արանքով նայել այս մրցաշարին: Ինձ համար Եվրոպայի առաջնությունը տարվա ամենակարեւոր մրցումներից է: Չնայած այն վարկանիշային չէ, բայց պարտավորեցնող է, քանի որ ներկայացնում ենք երկիր: Այժմ լավ մարզավիճակում եմ: Պատրաստ եմ բարձրացնել Եվրոպայի առաջնության ծանրաձողը: Մինչեւ այս ունեցել ենք 7-8 հավաք, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը լավ մարզավիճակ է ձեռք բերել Եվրոպայի առաջնության համար:

Ի՞նչ խնդիր ես քո առջեւ դրել Եվրոպայի առաջնությունում:

Անկեղծ ասած, մեր հավաքականն այն մակարդակի վրա չէ, որ մեր հույսը դնենք Եվրոպայի առաջնության վրա: Ինչպես ես, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրն ունի ավելի մեծ նպատակներ: Առջեւում կա ավելի կարեւոր ու որոշից մրցում՝ աշխարհի առաջնությունը: Ինձ համար Եվրոպայի առաջնությունը փորձաշրջան է աշխարհի առաջնության համար:

Այսինքն, կոնկրետ մեդալի շեշտադրություն չի լինե՞լու այսօր:

Լինելու է, ինչու ոչ, եթե կա կամ լինի այդ հնարավորությունը, պետք է պայքարեմ մինչեւ վերջ: Մեր ամբողջ թիմն ունի մեդալ նվաճելու հնարավորություն: Ոչ ոքի չեմ զիջելու, եթե այդ հնարավորությունն ինձ տրվեց եւ հասկացա, որ պետք է պայքարել: Մարզավիճակս թույլ է տալիս դա: Ինչպես արդեն խոստացել էինք, Եվրոպայի առաջնությունից մեդալներ լինելու էին ու եղան: Այսօր մեր ազգին ուրախացնելու հերթն իմն է: Ամեն ինչ կանեմ դրա համար, սակայն իմ խնդիրն աշխարհի առաջնությունն է, որտեղ ոչ թե կփորձեմ, այլ պետք է անեմ անհնարինը:

Եթե այս տեպմով եւ այս մարզումային համակարգով շարունակենք, աշխարհի առաջնությունում էլ կլինեն մեդալներ ու կհասնենք մինչեւ Օլիմպիական խաղեր: Եվրոպայի առաջնությունում իմ առջեւ որեւէ խնդիր չեմ դրել, այլ այդ խնդիրը թողել եմ աշխարհի առաջնության համար, որպեսզի 2016 թվականին մասնակցեմ Օլիմպիական խաղերին: Դա է իմ առջեւ դրված գերագույն խնդիրը:

Աղասի, մարզումների եւ հավաքների պատճառով հաճախ բացակայում ես տանից՝ լինելով ընտանիքիցդ եւ մեկամյա որդուցդ հեռու: Ինչպե՞ս ես հաղթահարում կարոտը եւ ինչպե՞ս ես լրացնում բացակայությունդ:

Աշխատում եմ չկենտրոնանալ այն մտքի վրա, որ ընտանիքիցս հեռու եմ: Ես եւ ընտանիքս հասկանում ենք, որ ժամանակավոր ու նորմալ է, որ օրերով տանը չեմ լինում: Սա իմ աշխատանքն է: Ամենաերկար բացակայությունը լինում է 15 օր, իսկ կարոտը հաղթահարելու համար արդեն կան բոլոր պայմանները՝ ինտերնետ, «սկայպ»: Բացակայությունս լրացնում եմ հանգստյան օրերին միայն ընտանիքիս, տղայիս հետ անցնացնելով: Կարծում եմ՝ արդեն նա էլ է սովորել, որ հայրիկը պարբերաբար բացակայում է:

Կցանկանաս, որ որդիդ նույնպես դառնա ծանրորդ:

Ոչ: Միանշական, չեմ ցանկանա: Ես այս ամենի մեջ եմ, անցել եմ այս բոլոր դժվարությունների միջով եւ չեմ ցանկանա, որ տղաս անցնի նույն ճանապարհով, տեսնի այս տանջանքը: Կան ավելի լավ մարզաձեւեր, թող ընտրի, որը ցանկանում է, բացի՝ ծանրամարտից:

Այսինքն, որդուդ, միանշանակ, տեսնում ես սպորտում:

Այո, դա պարտադիր է: Տղան պետք է մարզիկ լինի եւ զբաղվի սպորտով: Պարտադիր չէ դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ, նվաճել մեդալներ, բայց սպորտում լինել պետք է: Ընտրությունը կթողեմ նրան, բայց ծանրամարտի ճանապարհից կշեղեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս