18:14  ,  20 հունվարի, 2014

Սոչի-2014. Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան չորս ուղեգիր է հատկացրել Հայաստանին

Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանը դահուկային սպորտում կունենա չորս օլիմպիական: Այսպիսով, կունենանք երեք դահուկորդ եւ մեկ լեռնադահուկորդ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան այսօր քննարկել է Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին ուղեգիր տրամադրելու հարցը: Հայաստանին միջազգային ֆեդերացիան տրամադրել է չորս ուղեգիր` երեք դահուկորդների եւ մեկ լեռնադահուկորդի տեղ: Դահուկորդներից երկուսն արդեն հայտնի են` Սերգեյ Միքայելյան եւ Արթուր Եղոյան: Դահուկավազքում երրորդ ուղեգիրը կտրամադրվի աղջիկ դահուկորդի, իսկ չորրորդ ուղեգիրը բաժին կհասնի լեռնադահուկորդի: Վաղը` հունվարի 21-ին կկայանա Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ժամանակ կորոշվի մյուս երկու օլիմպիականների անունները: Աղջիկ դահուկորդներից հավակնորդներն են Սյուզաննա Վարսոյանը եւ Աննա Մխիթարյանը, իսկ լեռնադահուկորդներից Արման Սերեբրակյանը եւ Արսեն Ներսիսյանը: Այսպիսով մեզ հասավ չորս ուղեգիր: Մենք այս ամենի համար աշխատում էինք»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

Մինչեւ հունվարի 27-ը Հայաստանը պետք է միջազգային ֆեդերացիային ներկայացնի չորս օլիմպիականների անունները:

22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով