18:10  ,  1 օգոստոսի, 2013

Հայաստանի հավաքականի նախկին ավագը թերթ է վաճառո՞ւմ Ֆրանսիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան եւ ավագ Հարություն Վարդանյանը Ֆրանսիայում գնել է թերթի կրպակ, որտեղ աշխատում է: Ֆրանսիական Sudouest.fr-ի հետ զրույցում Վարդանյանը պատմել է իր ֆուտբոլային կարիերայի եւ այժմյա աշխատանքի մասին:  

«Խաղացել եմ Գյումրիի «Շիրակում» եւ մի շարք արտասահմանյան թիմերում, այդ թվում՝ գերմանական «Ֆորտունայում», շվեյցարական «Յանգ Բոյզում», «Սերվետում» եւ «Արաուում»: Երկար տարիներ հանդես եմ եկել Հայաստանի հավաքականում: Երկրիդ մարզական պատիվը ներկայացնելն ու ազգային թիմի մարզաշապիկով խաղալն աննկարագրելի զգացողություն է:

Ֆրանսիայում ընկերս ինձ առաջարկեց գնել թերթի կրպակ, որում այժմ աշխատում եմ: Ես երբեք նմանատիպ աշխատանք չէի կատարել, սակայն արդեն հոգնել էի անգործությունից, այդ իսկ պատճառով համաձայնվեցի: Սկզբում շատ դժվար էր, քանի որ ես ծանոթ չէի ֆրանսիական թերթերին, սակայն ընկերներիս օգնության շնորհիվ ամեն ինչ կարգավորվեց:

Կարոտում եմ այն ժամանակները, երբ բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ ֆուտբոլ էի խաղում լավ թիմերի կազմում, իսկ հետո զրուցում էի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Երբ Շառլ Ազնավուրը ժամանեց Մարսել, ես հնարավորություն ունեցա մի քանի րոպե զրուցել եւ լուսանկարվել նրա հետ: Ազնավուրը հիանալի արտիստ է, եւ ես շատ հաճախ եմ լսում նրա երգերը:

Աշխատելով թերթի կրպակում՝ սիրում եմ հետեւել մարդկանց: Յուրաքանչյուրն ունի իր զգացմունքներն ու վարքը: Միշտ հետաքրքիր է հետեւել այդ ամենին»,- Վարդանյանի խոսքը մեջբերում է Sudouest.fr-ը:

Հարություն Վարդանյանը Հայաստանի հավաքականում խաղացել է 1994-2004-ը՝ 63 խաղում դառնալով մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով