19:29  ,  1 փետրվարի, 2013

Ալբերտ Ազարյան. Շատ վատ զգացի ինձ, երբ իմացա Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին. մեծ ցավ է ինձ համար

«Շատ վատ զգացի ինձ, երբ իմացա Ենգիբարյանի մահվան մասին: Մեծ ցավ է սա ինձ համար: Մենք հին ընկերներ էինք, Մելբուռնում միասին էինք ելույթ ունենում, իրար համար ցավում եւ անհանգստանում: Նա իսկական լեգենդ էր»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

«Ես եւ Վլադիմիրը պատահական ծանոթներ չենք եղել: 1956 թվականին մենք միասին ենք հանդես եկել Մելբուռնի Օլիմպիական խաղերում: Հիշում եմ՝ ինչպես էր նա իր ընկերների եւ կոլեկտիվի հետ միասին դիտում իմ ելույթները, գոտեպնդում ինձ, ես իր ելույթներն էի դիտում եւ հրճվում նրա հաղթանակներով: Միասին շատ լավ ժամանակներ ենք անցկացրել, նշել հաղթանակներ, ուրախացել մեր հաղթանակներով: Նա եղել է այն մարդը, ում բոլորս սիրել եւ հարգել ենք: Միայն մեզ անհանգստացրել էր այն փաստը, որ նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:  Ես եւ իմ ամբողջ կոլեկտիվը ցավակցում ենք նրա հարազատներին, ընտանիքին»,- նշեց Ալբերտ Ազարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը 2009-ին Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն պարգեւներ:

2012-ին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երեւան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց: Բացի այդ, բռնցքամարտի դպրոցն անվանակոչվեց հիմնադիրի՝ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս